Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, տարեկան իր զեկույցում անդրադառնալով Հայաստանին, շեշտում է՝ քաղաքական լարվածությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու պատճառով առաջ եկած անվտանգության խորացող խնդիրները գերակայում են Հայաստանի զարգացումներում: Զեկույցը փաստում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը մի քանի անգամ խախտվել է ԼՂ եւ Հայաստան Ադրբեջանի ներխուժմամբ, իսկ անկանոն ռազմական միջադեպերը շարունակում են սպառնալ ԼՂ-ի եւ հարակից մի քանի շրջանների գյուղերի ու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակչության անվտանգությանն ու կյանքին: Վկայակոչելով հայկական կողմի տվյալները՝ զեկույցը նշում է, որ 2022-ի սեպտեմբերյան ընդհարումների հետեւանքով տեղահանվել է շուրջ 7600 խաղաղ հայ բնակիչ, հիմնականում կանայք եւ երեխաներ:
Ըստ HRW-ի՝ իր վավերացրած տեսանյութը փաստել է «առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատժի ենթարկման մասին, ըստ երեւույթին` ադրբեջանցի զինվորականների ձեռքով»: Երեք խաղաղ բնակիչ եւ առնվազն 30 հայ ռազմագերիներ, որոնց Բաքուն չի ճանաչում որպես ռազմագերի, շարունակում են պահվել Ադրբեջանի բանտերում:
Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ ՀՀ իշխանությունները վարել են դատաիրավական, ոստիկանական եւ սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն: Ըստ զեկույցի՝ սակայն, երկրում առկա են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներառյալ իրավապահների վատ վերաբերմունքը, միջամտությունը հավաքների ազատությանը, ընտանեկան բռնությունները, հաշմանդամների նկատմամբ խտրականությունն ու սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելիության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը:
Կառավարություններն ունեն մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու պարտավորություն
Անցած տարին աչքի է ընկել ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայից ու Չինաստանից մինչեւ Աֆղանստան մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ ճգնաժամերով, փաստում է տարեկան զեկույցը՝ շեշտելով՝ առաջ են եկել նաեւ մարդու իրավունքների նոր պաշտպաններ: «Ակնհայտ եզրակացությունը, որին հանգում ես 2022-ի մարդու իրավունքների ճգնաժամերից, այն է, որ չվերահսկվող ավտորիտար իշխանությունը մարդկանց ենթարկում է բազմաթիվ տառապանքների… Բոլոր կառավարություններն ունեն ոչ միայն հնարավորություն, այլեւ պարտավորություն՝ իրենց սահմաններում կամ դրանից դուրս մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է HRW-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Տիրանա Հասանը: