Հունվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսությունների հարթակներից մեկն է, բայց միակը չէ։ Նա հավելել է, որ շատ կարեւոր է, որ կողմերի միջեւ երկխոսությունը վերականգնվի, եւ դա պետք է ընդունեն մասնակից բոլոր կողմերը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ չպետք է նվազեցնել մյուս հարթակների դերը։ Նա հիշեցրել է, որ ներկայում գոյություն ունեն հենց Ֆրանսիայի առաջարկով ստեղծված մեկ-երկու այլ հարթակներ, որոնք պակաս կարեւոր չեն։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, Բրաուն-Պիվենը պատասխանել է․ «Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, եւ դա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին Ֆրանսիան ենթարկվում է»։ Նա հիշեցրել է սակայն, որ ե՛ւ Ֆրանսիայի սենատը, ե՛ւ խորհրդարանի ստորին պալատն ընդունել են Ադրբեջանի ագրեսիան եւ Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձեւեր։
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: Պատվիրակությունը հունվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։