«Ինչո՞ւ օրենքի ուժով որոշվեց, որ իրավաբանական անձինք պետք է իրենց իրական շահառուների մասին հայտարարագիր ներկայացնեն»:
Թեեւ իրական շահառուների մասին հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ համապատասխան օրենքում փոփոխությունն արվել է 2021 թվականի հունիսին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հրավերով թեմայի շուրջ բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկման մասնակիցներին առաջնահերթ այս հարցն էր հետաքրքրում:
Բիզնեսի ներկայացուցիչները թերահավատորեն են ընդունում այն հիմնավորումը, թե իրական շահառուների մասին թափանցիկ տեղեկությունը կնպաստի Հայաստանի բիզնես ոլորտի նկատմամբ վստահության մեծացմանը, հետեւապես արտերկրից ներդրումների ավելացմանը: Նրանք համոզված են, որ այն ընկերությունները, որոնք թաքցնում են իրենց իրական տերերին, միեւնույնն է, չեն ներկայացնի ճշգրիտ տեղեկություն: Ստացվում է, որ սա ավելորդ քաշքշուկ է առաջացնում «ազնիվ» բիզնեսի համար:
Հայտարարագրերում ներկայացված տվյալների հավաստիության վերաբերյալ բիզնեսի ներկայացուցիչների այս մտահոգությունը թերեւս տեղին է, քանզի պետական լիազոր մարմինը՝ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, տրամադրված տեղեկության ստուգման համար ունի սահմանափակ կարողություններ, աշխատակազմ եւ գործիքակազմ։
Փորձագետները եւս նշում են, որ դեռեւս տվյալների հավաքման, ճշգրտման, կիրառելիության ու համադրման առումով խնդիրներ կան:
Այնուհանդերձ, դրանց հավաստիությունը հնարավոր է ստուգել: Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հարցում անել եւ ստանալ հայտարարագրում առկա տեղեկությունը: Հետաքննության արդյունքների հրապարակումը հիմք կարող է լինել կեղծ տեղեկություն ներկայացնողի նկատմամբ վարույթ սկսելու համար:
Ավելին, հաշվի առնելով, որ իրական շահառուների բացահայտման գործընթացը միջազգային է, տեղական տվյալները կարող են ստուգվել ու համադրվել նաեւ նույն ընկերությունների վերաբերյալ այլ երկրներում հրապարակված տվյալների հետ:
Միջազգային կազմակերպությունների համար սա կարեւոր հանգամանք է, քանի որ թափանցիկության ու բարեվարքության բարձր մակարդակի պայմաններում է հնարավոր ներգրավել լուրջ եւ երկարաժամկետ մաքուր ներդրումներ:
Փորձագետների պնդմամբ, եթե այս պահին բիզնեսի համար հստակ չէ, թե որն է իր օգուտը, ապա երկարաժամկետ հատվածում համագործակցության ու փոխգործակցության ճիշտ ճանապարհն այն տեսանելի կդարձնի:
Իրական շահառուների բացահայտման բարեփոխումների ընթացքն ու անհրաժեշտությունը
Իրական շահառուների բացահայտման գործընթացն աշխարհում համեմատաբար նոր է՝ ոչ ավելի, քան 8-9 տարվա պատմություն ունի: Իրական շահառուների բացահայտման եւ հանրայնացման ուղղությամբ աշխատանք տանողների թվում Հայաստանն առաջամարտիկներից է: Հայաստանը ոչ միայն պարտավորություն է վերցրել, այլեւ արդեն ռեեստր ունի:
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուսումնասիրել է մասնավոր ոլորտի ներգրավվածությունն իրական շահառուների բարեփոխման գործընթացին, փորձել պարզել բարեփոխումների համապատասխանությունը մասնավոր ոլորտի կարիքներին, գնահատել մասնավոր ոլորտի իրազեկվածության մակարդակն ընթացքի վերաբերյալ:
«Բոլոր դերակատարների եւ շահագրգիռ կողմերի միջեւ առկա է տեղեկատվության լուրջ պակաս: Սա վերաբերում է ինչպես մեդիա գործունեություն իրականացնող ընկերություններին, այնպես էլ ՓՄՁ-ներին, կուսակցություններին եւ ոչ առեւտրային կազմակերպություններին»,- նշեց կենտրոնի հետազոտող Հարություն Ծատրյանը:
Բիզնեսի ներկայացուցիչներին իրազեկելու նպատակով նախաձեռնված հերթական միջոցառմանը հնչեցված հարցերը կրկին փաստեցին, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչները բարեփոխումներին ամենավաղ փուլից ակտիվորեն ներգրավված չեն եղել: Բայց այսօր խոսել բարեփոխումների անհրաժեշտության կամ անտեղիության մասին, ուշացած է, մնում է համակերպվել ու մանրամասն ծանոթանալ պարտավորություններին:
Բարեփոխումները մեր երկրում մեկնարկել են 2018-ին: Նախնական փուլում՝ 2020 թվականին, իրական շահառուներին հայտարարագրելու պարտավորությունը տարածվել է հանքարդյունահանությամբ զբաղվող կազմակերպությունների վրա:
Առաջին փուլում՝ 2021-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը, հայտարարագիր պետք է ներկայացնեին հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող եւ տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։
Հաջորդ՝ երկրորդ փուլում՝ 2022-ի հունվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը, հայտարարագիր պետք է ներկայացնեին Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։
Որ կազմակեպություններն են պարտավոր հայտարարագրել իրական շահառուներին 2023 թվականին
2023-ի հունվարի 1-ից մեկնարկել է երրորդ փուլը. մինչեւ մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առեւտրային կազմակերպությունները։
Վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարում ավելի քան 5 հազար իրավաբանական անձանցից միայն 50 տոկոսն է կատարել իր պարտավորությունը: Հարկ է նշել, որ հայտարարագիրը չներկայացնելու կամ ոչ պատշաճ հայտարարարգիր ներկայացնելու համար սահմանված է վարչական եւ քրեական պատասխանատվություն։
2022 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ գործակալություն մուտքագրվել է 2 հազար 275 իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք պարտավորություն են ունեցել, բայց չեն ներկայացրել հայտարարագիրը, որպես վարչական տույժ կիրառվել է նախազգուշացում՝ հաշվի առնելով, որ նրանք ուղղակի պատշաճ տեղեկացված չեն եղել։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանի հավաստմամբ, եթե դուք դեռ զգուշացում չեք ստացել հայտարարագիրը չներկայացնելու մասին, չի նշանակում, որ կարող եք հանգիստ լինել. 3 տարի շարունակ իրական շահառուների մասին հայտարարագիր չներկայացնելու դեպքում կազմակերպությունը կարող է լուծարվել:
Ինչպես նշեցինք, պատասխանատվություն է սահմանված նաեւ կեղծ կամ ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու համար: Ճիշտ է, լիազոր մարմինը հարկ չի համարում տվյալների ստուգում ձեռնարկելը, քանզի հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ներկայացված տեղեկությունը ճիշտ է, բայց կեղծիքը բացահայտելու դեպքում դուք կկանգնեք պատասխանատվության առջեւ:
Հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչեւ 2023 թվականի մարտի 1-ը իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով:
Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրաբավանական անձանց գործընթացի մասին տեղեկացնելու որեւէ պարտավորություն չունի, բարի կամքի դրսեւորմամբ տեղեկատվական նյութեր է պատրաստել, էլեկտրոնային փոստով ծանուցել իր շահառուներին: Սակայն ուղարկված էլեկտրոնային նամակների զգալի մասը հասցեատերերին չի հասել էլեկտրոնային փոստի հասցեների չգործելու պատճառով: Ուստի գործակալության ներկայացուցիչը հորդորեց տրամադրել էլեկտրոնային փոստի գործող հասցեներ:
Հայտարարագիրը լրացնելու ձեւին ու ընթացքին տեղեկանալու համար գործակալության պաշտոնական կայքէջում տեղադրված է տեսաուղեցույց:
Իրավաբանական անձանց գործը դյուրինացնելու համար իրական շահառուներին առնչվող հիմնական հարցերի պատասխանները «Իրական շահառուների թափանցիկություն եւ հայտարարագրում. հարցուպատասխան» երկլեզու գրքույկում մեկտեղել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Այն հասանելի է առցանց: Կենտրոնը պատրաստել է նաեւ անիմացիոն տեսանյութերի շարք։ Այստեղ կարելի է տեղեկանալ, թե ով է իրական շահառուն, ինչով է տարբերվում ընկերության սեփականատերը իրական շահառուից, ինչպես հայտնաբերել կազմակերպության իրական շահառուներին եւ այլն:
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացման եւ ներկայացման կարգը եւ հաճախ տրվող հարցերն ու պատասխանները տեղադրված են նաեւ գործակալության կայքում:
Իրական շահառուների բացահայտման կանոնները տարածվում են միայն կազմակերպությունների վրա։ Հետեւաբար դրանք չեն վերաբերում անհատ ձեռներեցներին (ԱՁ)։
Ինչպես նշեցինք, հունվարի 1-ից մասնավոր հատվածին միացել են 11 հազար ոչ առեւտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություները, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն իրական շահառուներին բացահայտելու եւ հայտարարագրման առումով: Հետեւաբար տարբերվում են նաեւ այն խնդիրները, որոնց առնչվում են այս կառույցներն իրենց իրական շահառուներին հայտարարագրելիս: Այս հարցերին կանդրադառնանք հաջորդիվ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։