«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։»
Մարկոս 9:22
Մենք, որպես հասարակություն, ապրում ենք ճակատագրական ժամանակներում, երբ բազմաթիվ մարտահրավերներ են կախված մեր գլխին, ու չենք կարողանում պարզորոշ տեսնել՝ դեպի որ կողմ գնանք, որ ուղղությունն ընտրենք, որ լինի ապահով եւ համահունչ մեր կոչումին եւ ներքին էությանը։
Առավել եւս, երբ մի շարք քարոզչական կենտրոններից ցանկանում են մեզ կամազրկել՝ ներշնչելով, թե մենք թույլ ենք, փոքր երկիր ենք եւ չենք կարող դիմագրավել մեր հակառակորդների նկրտումներին։ Մեզ փորձում են հավատացնել, որ մեր միակ հույսը մեծ տերություններից որեւէ մեկի ողորմածությանը հանձնվելն է։ Իմ համոզմամբ՝ այս անհուսությունը, անհավատությունը, համատարած վախերը մեր ամենամեծ թշնամիներն են։
Ես համոզված եմ՝ չկան անելանելի իրավիճակներ։ Իրավիճակը անելանելի է թվում միայն այն պատճառով, որ մենք չենք տեսնում դուրս գալու ճանապարհը։
Ցանկացած պարագայում, եթե ուզում ենք որեւէ տեղ հասնել, նախ պետք է հասկանանք` որտեղ ենք, տեսնենք այն տեղը, ուր ուզում ենք հասնել, նախանշենք քայլերն ու գնանք այդ ուղղությամբ։ Բայց այս թվացյալ պարզ խնդիրը մենք չենք կարողանում լուծել։ Ինչո՞ւ։
Ժամանակները փոխվում են
Իրավիճակի անելանելի թվալու հիմնական պատճառն այն է, որ մենք ապրում ենք մեծ փոփոխությունների շրջանում։ Սա այն ժամանակն է, երբ ամեն ինչ փոխվում է. փոխվում են հենց իրենք ժամանակները, փոխվում են հիմնարար հասկացությունները, խորհրդանիշները, արժեքային համակարգերը։ Եվ այդ տրամադրություններն արտահայտվում են ամենուր՝ մտածողությունում, նախասիրություններում, սոցիալական հարաբերություններում, փիլիսոփայությունում:
Նման ժամանակներում փոխվում են մարդիկ, փոխվում են սոցիալական կառույցները, փոխվում են քաղաքական նպատակները։ Փոխվում է ոչ միայն տեսանելին, արտաքինը, այլեւ շարժվում են հիմքերը։ Ոչ ոք չի կարողանում ճշգրտորեն տեսնել, թե դեպի ուր են գնում այս փոփոխությունները, եւ որտեղ դրանք կանգ կառնեն։ Ակնհայտ է միայն, որ տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ, եւ այդ փոփոխությունները գնալով արագանում են:
Հենց այս պատճառով հին գիտելիքները այլեւս ամբողջական չեն բացատրում երեւույթները, եւ հին մեթոդները չեն աշխատում։
Այս հարափոփոխ աշխարհում, երբ ամեն ինչ խառնվել է իրար եւ շարունակում է խառնվել, պահանջվում է գտնել արահետը, որը կհանի մեզ լույս աշխարհ։
Տեսնել դեպի ուր ենք ուզում գնալ
Թվում է, թե ակնհայտ է՝ նախքան շարժվելը պետք է գիտակցել, թե դեպի ուր ենք ուզում գնալ, որն է մեր ընթացքի՝ եթե ոչ վերջնական, առնվազն առաջիկա հանգրվանը:
Յուրաքանչյուր վարպետ նախքան որեւէ իր պատրաստելը ջանում է մտովի տեսնել վերջնական արդյունքը, որին փորձելու է հասնել: Յուրաքանչյուր վարորդ մեքենան նստելիս նախ որոշում է նպատակակետը՝ ուր է ուզում հասնել, հետո որոշում է ճանապարհը, որով ուզում է ընթանալ:
Այս իմաստով՝ նախ պետք է կարողանանք տեսնել դեպի ուր ենք մենք ուզում գնալ: Ո՞րն է այն ընդհանրական ապագան, որին մենք ձգտում ենք որպես հանրություն, որպես հասարակություն:
Շատից քիչը գիտենք
Կան մի քանի կարեւորագույն սկզբունքներ, որոնց մենք պետք է հետեւենք՝ նշմարելու համար արահետը, որին կոչված ենք որպես հանրություն։ Եվ դրանցից առաջինը հետեւյալն է՝ մենք շատից քիչը գիտենք, սակայն դա չենք գիտակցում։ Յուրաքանչյուրիս տեսածը մասնակի է։ Ցանկացած մեկը տեսնում է այն դիրքից, որտեղից նայում է: Եվ տեսնում է միայն այն ուղղությամբ, որ ուղղությամբ նայում է։
Մենք սկզբունքորեն չենք կարող ամբողջը տեսնել։ Յուրաքանչյուրս փակված է իր ուրույն պլատոնյան քարանձավում եւ տեսնում է միայն որոշակի ստվերներ։ Ու այդ քարանձավից դուրս գալու, աշխարհն ավելի ամբողջական տեսնելու արահետը սկսվում է գիտակցումից, որ տեսնում ենք միայն ստվերներ, որ մեր իմացածը ամբողջի չնչին արտապատկերն է:
Եթե մեկը կարծում է, թե գիտի, արդեն անհնար է նրան սովորեցնել։ Եթե ես մի բան գիտեմ, էլ ինչո՞ւ սովորեմ։ Վերջին տարիներին մեզ հետ պատահածը մեզ ցույց է տալիս, որ մենք իրականությունը, հնարավոր ելքերը պարզապես չենք տեսնում։ Իսկ մենք համառորեն չենք ուզում դա ընդունել։ Փոխարենը՝ գերադասում ենք սխալները սրա-նրա վրա բարդել, սրան-նրան մեղադրել։ Պատրաստ ենք ամբողջ աշխարհին սխալ հայտարարել, միայն թե չտեսնենք, որ մեր գիտեցածն ու մեր հասկացած ճիշտը, մեղմ ասած, մասնակի են։
Պետք է հիշել՝ «Հրաշքից տարբեր բոլոր մեթոդները թերի են», նաեւ մեր առաջարկածները։ Հիրավի սոկրատեսյան սկիզբը՝ «Ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ», լավագույն սկիզբն է ճանաչողության ճանապարհին։ Ու սա նաեւ այն սկիզբն է, որ կարող է օգնել մեզ տեսնելու մեր գնալիք ճանապարհը։
Պահանջվում է էմպաթիա
Երբ իրոք հասկանանք, որ մեր տեսածներն ընդամենը իրականության ստվերներ են եւ այն էլ՝ ոչ ամբողջ իրականության, նոր միայն կարող ենք իրականությունն առավել ամբողջական տեսնելու քայլեր անել։ Պատկերավոր ասած՝ ամեն մեկիս տեսածը իրականության ինչ-որ պրոյեկցիա է: Իսկ ամբողջը տեսնելու համար պահանջվում է ունակություն՝ համախմբելու այդ պրոյեկցիաները, անգամ իրար հակադիր թվացող տեսակետները:
Այսպես է վարվում մարդը, ով գիտի, որ ինքը շատից քիչը գիտի։
Եթե իրոք ուզում ենք գտնել Ճանապարհը, պետք է դեն դնենք բոլոր հնարավոր հակասությունները, նստենք կլոր սեղանի շուրջը եւ ջանանք լսել, թե ինչ են ասում մեզ հակառակ տեսակետն ունեցողները: Պետք է ջանանք հասկանալ՝ ինչու են նրանք այդ կարծիքին, զգալ, թե ինչ ներքին մղումներով են նրանք առաջնորդվում։ Իսկ դրան հասնելու համար պահանջվում է էմպաթիա՝ ունակություն, որն օգնում է մեզ զգալու հասարակության մյուս անդամի ցավերն ու ուրախությունները, հոգսերը, ներքին մղումները։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։