Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության վերականգնման մասին խոսք չկա։ Փորձագետներն ասեն, փիլիսոփաները, թե ուղղափառ աստվածաբանները, նախկին միության նման մի կառույցի վերստեղծումն այժմ, գործնականում, հակասում է Ռուսաստանի շահերին։
Առանց Ուկրաինայի ի՞նչ Խորհրդային Միություն։
Նախ պետք է սանձել ԽՍՀՄ ամենաեվրոպական անդամին։ Հետո Լուկաշենկոյի, [պայմանական] Յանուկովիչի հետ Պուտինը կգնա Բելովեժսկայա պուշչա՝ ազդարարելու պատմության ռեվերսը։ Եթե դեռ ողջ է, կկանչեն կբերեն նույն այն մեքենագրուհուն, որը տպել էր ԽՍՀՄ լուծարման տեքստը։
Առանց դրա Պուտինն ինչո՞ւ պետք է Հայաստանը ներառի որեւէ միության մեջ։ Ինչո՞ւ։ Որ անգո այդ կազմավորումն Ադրբեջանի հետ սահմա՞ն ունենա։ Իսկ ի՞նչ պիտի անի Ղարաբաղի հետ, պետք է միավորի Հայաստանի՞ն։
Պուտինը ո՛չ ժամանակ ունի դրանով զբաղվելու, ո՛չ էլ ցանկություն կորցնելու Հարավային Կովկասում խաղեր տվողի հրաշալի կարգավիճակը։ Նա պետք է մնա այստեղ որպես միջնորդ, որ հավասարապես ձեռքում պահի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի սանձերը՝ մտքում բաց թողած չլինելով Վրաստանինը։ Նա պետք է մնա այստեղ որպես միջնորդ, որ Ղարաբաղի իշխանությունները հանկարծ ինքնակենտրոն որոշումներ չկայացնեն։
Այս դեպքում ինչո՞ւ է զավեշտական հետեւողականությամբ շրջանառության մեջ դրվում Հայաստանին «առեւանգելու» գաղափարը։
Պարզ պատճառով։
Գործող իշխանությունը պետք է ցույց տա, որ բացի Ղարաբաղից եւ Հայաստանի սահմանների անվտանգությունից՝ կա ավելի մեծ խնդիր։ Պետք է ասի, որ Ղարաբաղը չեն փրկում, Հայաստանի սահմանների անվտանգությունը չեն ապահովում, որովհետեւ մեեե՜ծ խնդրով են մտահոգ։ Այո՛, մտահոգ, որովհետեւ նրանք որեւէ բանով չեն զբաղվում եւ որեւէ հարց չեն լուծում։
Այս պատրանքը ստեղծելու համար անհրաժեշտ է քաղաքական համարձակություն (սանձարձակությո՞ւն). Մոսկվա բանակցությունների չենք գնում, ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանի տարածքում չեղարկում ենք ու նման բաներ՝ միջին վիճակագրական տաքսիստի աչքում «պլոճիկով» տղա երեւալու համար։
Եվ եթե, Աստված մի արասցե, 29.8-ը չմնա կամ դրա փոխարեն մնա, ասենք, 18.9-ը, ասելու բան ունենան, թե բա գիտեք, մենք պայքարում էինք Հայաստանի անկախության համար ու, ճիշտ է, տարածք կորցրինք, բայց, տեսա՜ք, չմտանք Խորհրդային նորացվող (անգո) Միության մեջ։
Այս ամենին Ռուսաստանում հետեւում են բավականին համբերատար կերպով։ Մարիա Զախարովան ու Դմիտրի Պեսկովը, ճիշտ է, երբեմն հակադարձում են, բայց այդ հակադարձումներում դեռ չի երեւակվում կայսեր կամքը։
Պուտինը լուռ է, Պուտինը սպասում է։ Պուտինը գաղտնի քայլ ունի։
Նա կարող է «բազմաթիվ հեռուստադիտողների» (5-րդ շարասյուն) հիմնավորված խնդրանքով պրոտեկտորատ հաստատել Հայաստանում, վերացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ պայմանական Քոչարյանին նշանակել տեսուչ (չշփոթել участковый-ի հետ)։
Ինչ կլինի Դանիել Իոաննիսյանի եւ քաղհասարակության մյուսների նախաձեռնած ռեֆորմների ճակատագիրը՝ դժվար է ասել։ Պարզ է մի բան, որ պրոտեկտորատը կստեղծվի ոչ թե խնդիրներ լուծելու, այլ աղմուկը դադարեցնելու նպատակով։
Բայց Պուտինը նման բան չի անի երկու պատճառով։
Նախ՝ արդեն ասացի, որ նա ոչ մի դեպքում չի ցանկանա կորցնել միջնորդի իր դերը Ադրբեջանի աչքում եւ տարածաշրջանային կարեւոր խաղացողի իր նշանակությունը Թուրքիայի աչքում։
Երկրորդ՝ Պուտինը [նյարդերի գերլարումով] կփայփայի Փաշինյանին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Իսկ պայմանագրի ստորագրման հարցում Ռուսաստանի նախագահը չի շտապում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։