Ըստ ՄԱԿ–ի միջազգային դատարանի (Հաագայի դատարան) հրապարակած մամուլի հաղորդագրության՝ դատարանը հունվարի 30-31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ։ Հայաստանի հայցի ապահովման միջոցների վերաբերյալ լսումները տեղի կունենան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։
Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը եւ երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ տեղաշարժը։ Բաքուն Երեւանից պահանջում է դադարեցնել ԼՂ-ում տարածքների ականապատման գործունեությունը եւ տեղեկություն տրամադրել ականների եւ այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի եւ բնութագրերի վերաբերյալ։
Ըստ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021-ի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող եւ 2020-ի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, թե Հայաստանը ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել եւ շարունակում կատարել նրանց ազգային եւ էթնիկ պատկանելիության հիման վրա։