Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը՝ գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արդեն մոտ չորս շաբաթ տեւող արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։ Մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ՝ Ժելյանա Զովկոն շեշտել է, որ արգելափակումն անհապաղ պետք է վերացվի` խուսափելու համար մարդասիրական որեւէ հետեւանքից եւ այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:
Ադրբեջանի հարցով մշտական զեկուցողը դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ:
«Վերջապես ես դիմում եմ նաեւ ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը եւ կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը եւ կանխելու հետագա սրացումները»,- ասված է հայտարարությունում։