Արցախում հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Մեկական կիլոգրամ բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ մեկ լիտր ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Քաղաքացիները կտրոնները ստանալու են ոչ թե գրանցման, այլ փաստացի բնակության վայրը հաշվի առնելով։ Կտրոնները կունենան սերիա, հերթական համար եւ ժամկետներ։ Ժամկետանց կտրոնները չեն գործելու։ Օգտագործված կտրոնը մնալու է խանութում։
Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ, 19 կետ կգործի: Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներն՝ իրենց համայնքապետարաններից: