Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տվյալներով՝ 2022-ի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%-ը (49 հազար 600 մարդ)։ Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2,9 % (76 հազար 400 մարդ), Ղազախստանում՝ 2,4% (221 հազար 900 մարդ), Ռուսաստանում՝ 0,7% (556 հազար 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0,1% (5800 մարդ)։ ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որեւէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել եւ ակտիվորեն աշխատանք են փնտրել։
ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում նման անձանց թիվը 2022-ի նոյեմբերի վերջին եղել է 910 հազար 100 կամ աշխատուժի 0,9%-ը։ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նման անձանց թիվը ԵԱՏՄ-ում նվազել է 18,1%-ով, ինչի հիման վրա հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ 1 տարվա ընթացքում գործազրկությունը ԵԱՏՄ-ում կրճատվել է 18,1%-ով։ ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալներով` Հայաստանում 2022-ի դեկտեմբերին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 50 հազար 400 գործազուրկ։
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հաշվարկով՝ ԵԱՏՄ գործազրկության պատկերը էապես տարբերվում է ԵՏՀ վիճակագրությունից։ ԱՄԿ-ի ցուցանիշները գրեթե 3 անգամ ավելի բարձր են. ԱՄԿ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն` 2022-ի սեպտեմբերի դրությամբ գործազուրկները Հայաստանում կազմել են աշխատունակ բնակչության 11,6%-ը, Ղրղզստանում՝ 5,3%-ը, Ղազախստանում՝ 4,9%-ը, Ռուսաստանում՝ 3,8%-ը, Բելառուսում՝ 3,4%-ը։