Երեկ՝ հունվարի 14-ին, Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել են Ուկրաինայի Դնեպր քաղաքի բնակելի թաղամաս։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաղորդման՝ «Դնեպրում շենքի փլատակների տակ զոհվել է 25 մարդ, 73 հոգի ստացել են վնասվածքներ, 43-ը՝ փնտրվում են։ Նախնական տվյալներով 72 բնակարան քանդված է, վնասված է 230-ը»։ Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թարմացում
Դնեպրոպետրովսկի քաղաքային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն իր տելեգրամյան ալիքի գրառման մեջ նշել է, որ ավելի ուշ փլատակներից հայտնաբերվել է եւս 4 դի, նրանց թվում՝ 15-ամյա աղջնակ։ Որոշ տվյալներով ռմբակոծության հետեւանքով 2 երեխա որբացել են։ Ռմբակոծված շենքերից մեկի փլատակներից հանել են 27-ամյա կնոջ, որը սաստիկ ցրտահարմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ընդհանուր առմամբ փրկարարները փլատակներից հանել եւ փրկել են 39 բնակչի, նրանց թվում՝ 6 երեխայի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտնել է, որ 30 բնակիչների ճակատագրերը դեռեւս անհայտ են։ 73 վնասվածք ստացածներից 30-ն ապաքինվում են հիվանդանոցում, նրանցից 12-ի վիճակը գնահատվել է կայուն ծանր։