ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ԱԺ նիստում ներկայացրել է «Պետական գաղտնիքի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ըստ Հարությունյանի՝ նախագծի քննարկման նպատակը «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը ամբողջությամբ վերանայելն ու այն գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն են։
«Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարեւորության», «հույժ գաղտնի» եւ «գաղտնի» դրոշմագրեր»,- նշել է ԱԱԾ փոխտնօրենը։
Ըտս նախագծի՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարեւորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք նախագծի հաստատման դեպքում այսուհետեւ պարտավորվելու են օտարերկրյա պետություններ մասնավոր այցելություններ կատարելիս իրենց այցի մասին սահմանված կարգով տեղեկացնել ԱԱԾ-ին։