Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Իրանը ակնկալում է ըստ իրանական օրացույցի մինչեւ հաջորդ տարեսկիզբ (ըստ եվրոպական օրացույցի՝ ընթացիկ տարվա գարնանը) Ռուսաստանից ստանալ մի քանի Су-35 ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին էլ մանրամասնել է, որ Ռուսաստանին Իրանի պատվիրած Су-35-ները ամենայն հավանականությամբ Իսմալական Հանրապետությունում կլինեն մարտի 21-ին։
Պատգամավոր Հեյդարին Tasnim-ի հետ զրույցում մանրամասնել է, որ Իրանը բացի ռազմական կործանիչ ինքնաթիռներից Ռուսաստանից ձեռք է բերելու նաեւ այլ սպառազինություններ, այդ թվում նաեւ՝ հակաօդային պաշտպանության, հրթիռային համակարգեր եւ ուղղաթիռներ, որոնց մեծ մասը կստանան արդեն մոտ ապագայում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Ռուսաստանից կստանա 24 միավոր երկշարժիչանի չորրորդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռներ, որոնք սովորաբար կիրառվում են օդում տիրապետություն հաստատելու համար։ Այդ կործանիչների մի մասն ամենայն հավանականությամբ կտեղակայվի Կենտրոնական Իրանի Սպահան քաղաքում գտնվող ռազմատակտիկական ավիաբազայում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը