Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման եւ փոխգործակցության հարցերը էներգետիկայի ոլորտում։
Կողմերը քննարկել են ռուսական բնական գազի մատակարարման եւ Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման հարցը։ Թուրքական կողմի նախաձեռնությամբ եւ հաշվի առնելով Անկարայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները՝ զրուցակիցներն անդրադարձել են գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցին։ Պուտինը նշել է, որ Կիեւում շեշտը դրել են ռազմական գործողությունների ինտենսիվացման վրա՝ արեւմտյան հովանավորների աջակցությամբ, որոնք ավելացնում են փոխանցվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծավալները։
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են նաեւ սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման եւ ՌԴ-ից պարենի ու պարարտանյութերի մատակարարումների վերականգնման վերաբերյալ 2022-ի հուլիսի 22-ի ստամբուլյան «փաթեթային» պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։