Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ հունվարի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով։
2022-ի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները` ուղղված ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը եւ խուսափել այս ուղղությամբ որեւէ խոչընդոտ ստեղծելուց»:
Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022-ի դեկտեմբերին եւ 2023-ի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված ԼՂ-ում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:
Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, հունվարի 16-ին մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշումը թողնելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաեւ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը: