Նախիջեւանի Զնաբերդից, Գանձակից, Բաքվից եւ այլ վայրերից տեղափոխված հայերով է բնակեցված Հերմոնը: Վայոց ձորի Եղեգիս համայնքի այս փոքրիկ գյուղում 1988-ից ի վեր խոսում են տարբեր բարբառներով, ունեն տարբեր ավանդույթներ, բայց ապրում են նույն առօրյայով, հոգսերով ու երազանքներով:
Գյուղաբնակները հիշում են տեղափոխման դժվարությունները. շատերը չեն էլ հասցրել իրենց սեփականությունը վաճառել, մի մասը «ջրի գնով» է տվել: Եկել են, Հերմոնում տուն-տեղ դրել, մնացել: Նրանք, ովքեր գյուղերից են եղել, ավելի հեշտ են հարմարվել, բայց քաղաքներից եկածներից ոմանք, շատ չանցած, Հայաստանի այլ քաղաքներ են տեղափոխվել: Այդ տարիներին Հերմոնում մինչեւ 500 հոգի է բնակվել: Հիմա փոքրիկ գյուղում մոտ 150 բնակիչ է լինում:
Հերմոնի վարչական կենտրոնի աշխատակցի՝ Արշավիր Գրիգորյանի ընտանիքն էլ մեկն է 90-ականներին գյուղում վերաբնակեցվածներից: Հիշում է իրենց նախկին տունը. Զնաբերդի տան մի սենյակը ներկայիս տան չափ է եղել: Չեն ընկճվել, աշխատանքն ամեն ինչ տեղն է գցել:
Համայնքային ծառայությունից բացի՝ Արշավիր Գրիգորյանը գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ մեղվաբուծություն, այգեգործություն, անասնապահություն: «Բոլորն էլ անում ենք, բայց բոլորից էլ «ավարա» մարդ ենք: Եթե գյուղերին ուշադրություն դարձնող լինի, աշխատանքը գնահատվի, գյուղացու տուն էլ գումար մտնի, շատ խնդիրներ կլուծվեն: Այսքան տարի մեկը չեկավ՝ գյուղացու մեղրը տանի լաբորատորիա, ստուգի, դրան համապատասխան արժեք սահմանի: Այլ երկրներում մեղրի մեկ կիլոգրամի արժեքը հասնում է քսան հազար դրամի, մեզ մոտ հաճախ մնում է սեղաններին»:
Պետական աջակցություն ու նախաձեռնություններ են ակնկալում, որ որակյալ գյուղմթերքի սպառման ու ծավալների ավելացման խնդիրը լուծվի:
Գյուղի տարածքով հոսող գետերի վրա մի քանի հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել: Թե՛ Հերմոնից, թե՛ հարեւան գյուղերից աշխատողներ կան: Հիմնականում նվազագույն աշխատավարձ են ստանում: Ասում են՝ «տան միջի» գործ է, աշխատե՛ք՝ տուն գումար մտնի: Նվազագույն աշխատավարձով ընտանի՞ք պահել, երեխային կրթությա՞ն տալ, թե՞ առողջության խնդիր լուծել, չգիտեն:
Նախորդ սեպտեմբերը Հերմոնի հիմնական դպրոցում տոնական է եղել: Միանգամից հինգ առաջինդասարանցի է ոտք դրել ուսումնական հաստատություն: Հերմոնի նման փոքրիկ գյուղում սա չլսված-չտեսնված բան է:
Դպրոցի դասվարը՝ Արմինե Պողոսյանը, ընդամենը տասն աշակերտով հաստատության ամենամեծ դասարանը հպարտությամբ է ղեկավարում: Բայց վախենում են ուրախանալ. շատերն են տեղափոխվում, գուցե ընդունվողների մի մասը Հերմոնի դպրոցն այդպես էլ չավարտի:
Դպրոցի տնօրենը՝ Նաիրա Մնացականյանը, գյուղի դատարկման պատճառներից մեկը հենց դպրոցը հիմնական դարձնելն է համարում: Երբ 12-ամյա դպրոցը դարձրել են 9-ամյա, շատ ընտանիքներ ստիպված են եղել տեղափոխվել, որ երեխաները կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան:
Արմինե Պողոսյանն էլ մյուս՝ արդեն մարզային նշանակության խնդիրն է հիշեցնում՝ Վայոց ձորի միակ բուհը շուտով կփակվի: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եղեգնաձորյան մասնաճյուղը ոչ միայն կրթություն տալու, այլեւ երիտասարդներին մարզում պահելու, համախմբելու գործառույթ էր կատարում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախորդ տարի որոշեց դադարեցնել համալսարանի ընդունելությունը՝ մարզեցիների համար անհիմն պատճառաբանություններով:
Այժմ այն երիտասարդները, որոնք կարող էին սովորել ՀՊՏՀ մարզային մասնաճյուղում, կա՛մ Երեւան են գնում ու մնում մշտական բնակության, կա՛մ բուհ չեն ընդունվում:
Մշակույթի տուն, խաղահրապարակ, նախակրթարան եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունեցող Հերմոնում չեն զարմանում, որ երիտասարդները քաղաքների ճանապարհն են բռնում: Վերանորոգման կարիք ունեցող դպրոցի փոքրիկ դահլիճը միանգամից մի քանի շինության դեր է կատարում, համայնքային ժողով թե ընտրություն, սգո թե ուրախության արարողություն, բոլորը դպրոցում են անցկացվում: Մի փոքրիկ շենքն ի՞նչ է, չի կառուցվում:
Հերմոնի բնակլիմայական պայմանները հարմար են գյուղական զբոսաշրջության առաջխաղացման համար: Հյուրատներ ու հանգստյան գոտիներ են կառուցվում: Հերմոնում հույս ունեն՝ այս նոր ճյուղը կարող է գյուղի զարգացման նախադրյալ դառնալ: Բայց միաբերան պնդում են՝ կարեւորը կրթության որակի բարձրացումն է:
Մաթեմատիկայի ուսուցիչ Սպարտակ Մխիթարյանը սրտնեղում է՝ մինչեւ հասարակության մեջ կիրթ մարդը չտարբերվի, փոփոխություն չի լինի: «Օրինակ՝ օրենք են ընդունում, որ համայնքի ղեկավարը կարող է կրթություն չունենալ: Մարդը եթե որակյալ կրթություն է ստացել, կպրպտի, կմտածի ինչ անել, ինչպես անել: Բոլոր ոլորտներում օրական մի կարգ են փոխում. ոչ թե կարգը պետք է փոխվի, այլ կիրթ մարդու նկատմամբ վերաբերմունքը: Եթե կիրթ մարդը համայնքում, շրջանում ունենա իր դիրքը, հարգանքը, իրեն վայել վերաբերմունքն ու աշխատավարձը, օրինակ կծառայի, իրավիճակ կփոխի»:
Մեր կեսուրախ-կեստխուր զրույցը հերմոնցի 18-ամյա Դավիթն ուրախ նոտայով է ավարտում: Տարբեր նախագծերի ու ճամբարների ակտիվ մասնակից ու կազմակերպիչ երիտասարդը վստահ է՝ ապագան լուսավոր է լինելու: «Մեր սերունդը պետք է կերտի Հայաստանի ապագան: Ես իմ փորձով տեսել եմ՝ ինչ սերունդ է մեծանում. այնպիսի գիտակ մարդիկ կան, որոնց ուժերի ու կամքի վրա չեմ կասկածում: Մեզ մոտ կստացվի, ու համայնքն էլ, երկիրն էլ կապրեն»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: