Նելյա Կուկովալսկան «Կիեւյան Սոֆիա» ազգային արգելոցի գլխավոր տնօրենն է, մշակույթի վաստակավոր գործիչ, թանգարանների համաուկրաինական ընկերակցության փորձագիտական խորհրդի նախագահը։
Տաճարում կանոնավոր արարողություններ չեն կատարվում։ Սա եզակի հուշարձան է, որը հատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Պատերազմի ընթացքում շատ կարճ ժամերգություններ էին լինում՝ քրիստոնյա տարբեր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գալիս էին ոչ միայն ուղղափառներ, այլեւ կաթոլիկներ, հունահռոմեական եկեղեցու անդամներ։
Մենք ունենք մի ավանդույթ, որը սկիզբ առավ 2005 թվականից, երբ բոլոր դավանանքների ու կրոնների հետեւորդները, այդ թվում՝ բուդդիստները, հրեաները հավաքվում են, հաջողություն են մաղթում ու գովերգում Ուկրաինային։ Դա շատ լավ ավանդույթ է: Այն վերացավ Յանուկովիչի օրոք, հետո վերականգնվեց։ Հիմա շատ լավ է եւ ճիշտ, որ այն շարունակվում է։
Ժամանակին հրդեհների պատճառով հայերը ժամերգություն կատարելու տեղ չունեին, եւ Սոֆյայի տաճարի սեղաններից մեկը տրամադրվեց նրանց՝ արարողություններ կատարելու համար։ Պատերին դեռ ունենք հայկական որմնագրեր, որոնք բավականին խոր ուսումնասիրված են։ Այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունենք Հայ եկեղեցու հետ։ Մարկոս սրբազանի հետ անձամբ եմ ծանոթ, պահպանում ենք բարեկամական կապերը: Նա երբեմն այցելում է մեզ՝ պարզապես զրուցելու համար: Իսկ երբ պետական միջոցառումներն են լինում, միշտ ներկա է։ Ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի հանդեպ նրա անկեղծ ու բարի վերաբերմունքի համար։
Յուրաքանչյուր եկեղեցու հետ շփվելիս ես պահպանել եմ հանդուրժողականության եւ ըմբռնման սկզբունքը: Պետք է ասել, որ նրանք բոլորն էլ հոգատար են հուշարձանների նկատմամբ՝ թե՛ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, թե՛ տիեզերական պատրիարքությունը, թե՛ Մոսկվայի պատրիարքությունը, մենք երբեք հակասություններ չենք ունեցել:
Նրանք բավականին ըմբռնումով են մոտենում հուշարձանների պահպանմանը, օգնում են գումար ձեռք բերելու՝ որոշ մասն իրենց բյուջեից, ինչ-որ չափով օգնում են հովանավորները, տրամադրում են իրենց հովանավորչական գումարները։ Պատերազմից առաջ ամեն ինչ բարեհաջող էր ընթանում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի իմ գլխում չի տեղավորվում։
Ես սովորել եմ Մոսկվայում, ապրել եմ Մոսկվայում, Ռուսաստանում շատ ազգականներ ունեմ։ Բոլոր կապերն այժմ խզված են։ Շատ ընկերներ, գործընկերներ ունեի Ռուսաստանում, որոնց հետ հարաբերությունները խզվել են, եւ նրանք էլ չեն զանգում։
Ես հասկանում եմ, թե ինչու չեն զանգում։ Չեն կարող ճշմարտությունն ասել։
2014 թվականից հետո շատերը զանգեցին եւ առաջին բանը, որ ասում էին, այն էր, թե մեզ կներեք, մենք սա չէինք ուզում, հասկանում ենք՝ ինչ է կատարվում, բայց մենք մեղավոր չենք, ոչինչ չենք կարող անել:
Այսպիսի մոլորության մեջ են, ավելի ճիշտ՝ իրավիճակին չմիջամտելով հանգեցրին այս պատերազմին, որը հիմա Ռուսաստանը սկսել է մեր տարածքում՝ ոչնչացնելով մեր ազգին, մեր ժողովրդին, երեխաներին, ծերերին, կանանց, ոչնչացնելով մեր մշակույթը, պետական ենթակառուցվածքները: Ինչ աստիճանի չարություն եւ ատելություն պետք է ունենան ուկրաինացի ժողովրդի հանդեպ, որ անեն այս ամենը։
Այն շրջաններում, ուր նրանք ներխուժել են, ինքներդ էլ տեսել եք, թե որքան ավերված թանգարաններ, որքան քանդված դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ կան, այդ թվում՝ Մոսկվյան պատրիարքարանին պատկանող եկեղեցիներ։ Այսինքն՝ իրականացնում են ազգի ամբողջական բնաջնջում։ Ազգին ոչնչացնելու համար պետք է ոչնչացնել այդ կառույցները, ջնջել դրանք հիշողությունից, պատմությունից։ Եվ ահա բնաջնջվում է ազգը, չկա այլեւս Ուկրաինա։
Այդ պատճառով մենք պետք է պաշտպանենք մեր պետությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր մշակույթը, մեր ամբողջ մշակութային ժառանգությունը, մեր ոգեղենությունը: Մենք պետք է զինվոր լինենք այս ճակատում, եւ ես ինձ նույնպես այդպիսի զինվոր եմ համարում։ Ես պետք է պահպանեմ բոլոր կառույցները, որոնք իմ վերահսկողության տակ են։ Հատկապես Սոֆիան: Սոֆիան պետականության կենտրոնն է, այն ոգեղենության կենտրոնն է, գիտության ու մշակույթի կենտրոն։ Այս թեմայի շուրջ կարելի է շատ երկար խոսել:
Ես շատ երախտապարտ եմ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի իմ գործընկերներին, որոնք այժմ օգնում են մեզ: Մենք մարդասիրական մեծ օգնություն ենք ստացել մեր թանգարանի համար եւ դեռ այլ բաների ենք սպասում։ Բայց այսօր ամենամեծ խնդիրն է շարունակել սկսած վերականգնողական աշխատանքները։ Մենք գիտենք, որ վերականգնման գործընթացը չի կարելի դադարեցնել։
Ուկրաինան պետք է գոյություն ունենա, պետք է տոկուն լինի, պետք է լինի անկախ եւ ինքնուրույն եվրոպական պետություն։ Մենք հավատում ենք, որ Ուկրաինան մեծ ապագա ունի։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա, այլեւս չի լինի: Որ մեր այսպես կոչված եղբայրական ժողովուրդը չի կարող մեզ անընդհատ հսկողության տակ պահել։ Մենք ազատ, խաղաղասեր ժողովուրդ ենք եւ միշտ էլ այդպիսին ենք եղել։ Եվ ամբողջ պատմության ընթացքում մենք դրա համար պայքարել ենք՝ մեր ինքնության, մեր ազգի, մեր պետականության համար։
Հիմա շատ եմ ուզում հավատալ, որ սա վերջին պատերազմն է, եւ մենք մինչեւ վերջ կգնանք։