ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարեւորել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար ԼՂ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը: