Ըստ Associated Press գործակալության՝ Պալերմոյում ձերբակալվել է սիցիլիական «Կոզա Նոստրա» («Մեր գործը») հանցավոր կազմակերպության ղեկավարը համարվող Մատեո Մեսինա Դենարոն։ Մաֆիայի 60-ամյա պարագլխի ձերբակալությունը տեղի է ունեցել կլինիկայում, որտեղ նա բուժվում էր։ Իտալական լրատվամիջոցների պնդմամբ՝ իրավապահները ձերբակալել են Դենարոյին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ձերբակալության ժամանակ ներգրավված է եղել մոտ 100 զինվոր։
Մեսինա Դենարոն, որը որոշ տվյալներով ամբողջովին փոխել է իր արտաքին տեսքը՝ կատարելով պլաստիկ վիրահատություն, արդեն երեսուն տարի խուսափում է իտալական արդարադատությունից։ Դենարոն հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի եւ Պաոլո Բորսելինոյի սպանությունների համար, ինչպես նաեւ Ֆլորենցիայում, Հռոմում եւ Միլանում տեղի ունեցած պայթյունների գործով, որոնց ժամանակ 10 մարդ է զոհվել:
Դենարոյի կատարած հանցագործությունների թվում է 1993-ին 12-ամյա Ջուզեպպե Դի Մատեոյի առեւանգումն ու սպանությունը։ Պատանին մաֆիայի նախկին անդամ Սանտինո դե Մատեոյի որդին էր, որը համաձայնել էր համագործակցել իշխանությունների հետ։