Եվրամիությունում հրապարակվել է երկու փաստաթուղթ միության շրջանակում ընդհանուր կիբերանվտանգության մակարդակի բարձրացման (NIS 2) եւ ծայրահեղ կարեւոր օբյեկտների կայունության ապահովման մասին (CER)։
Առաջին փաստաթղթով ընդլայնվել է այն ոլորտների եւ ծայրահեղ կարեւոր համարվող օբյեկտների տիպաբանությունը, որոնց վրա վերջինս տարածվում է։ Խոսքը էլեկտրոնային ծառայություն մատուցողների, տվյալների մշակման կենտրոնների, կեղտաջրերի եւ թափոնների հեռացումն ապահովող ձեռնարկությունների, ծայրահեղ կարեւոր մթերքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների, փոստային եւ սուրհանդակային ծառայությունների, պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ առողջապահական ոլորտի հիմնարկությունների մասին է։ Փաստաթղթով պահանջվում է ԵՄ անդամ պետություններից պատրաստականության բարձր մակարդակ ապահովել համակարգչային անվտանգության հնարավոր միջադեպերի պարագայում եւ ունենալ ազգային իրավասու մարմին համացանցային եւ տեղեկատվական համակարգերի համար։
Միաժամանակ նախատեսվում է ստեղծել հատուկ խումբ, որը կնպաստի անդամ պետությունների միջեւ ռազմավարական համագործակցությանն ու տեղեկության փոխանակությանը։ Էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, բանկային գործը, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքները, առողջապահությունն ու թվային ենթակառուցվածքները ստանում են տնտեսության եւ հասարակության համար «կենսականորեն կարեւոր» ոլորտի կարգավիճակ։ Այս ոլորտներում գործող ձեռնարկությունները պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնեն թվային անվտանգության առնչությամբ եւ լուրջ միջադեպերի դեպքում իրազեկեն ազգային իրավասու մարմիններին։
Երկրորդ փաստաթուղթը կոչված է ամրապնդելու ծայրահեղ կարեւոր ենթակառուցվածքների կայունությունը մի շարք լրջագույն սպառնալիքների պարագայում, այդ թվում՝ տարերային աղետների, ահաբեկչական հարձակումների, ներքին խոցելիության եւ սաբոտաժի։ ԵՄ-ում հայտարարում են, որ դասեր են քաղել «Հյուսիսային հոսք» գազատարի ահաբեկչությունից, որը պարզել է, որ եվրոպական ծայրահեղ կարեւոր ենթակառուցվածքները խոցելի վիճակում են։
Պատրաստեց Արման Գրիգորյանը