Ըստ «Թաթոյան» հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2023-ի հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արեւմտյան Ադրբեջան» եւ այդ առնչությամբ նշում «արեւմտյան ադրբեջանցիներ»: Ալիեւը հայտարարել է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (…) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք․․․»:
Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաեւ ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Պետական սահմանների սահմանագծման հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով:
Ալիւեւը բացահայտ խոսում է ուժի եւ սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի ամբողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսեւորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածները հիմնադրամն առանձնացրել է եւ պաշտոնական նամակներով ուղարկել Իրավունքի եւ արդարության կենտրոն, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, Եվրախորհրդարանի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների։