Ըստ POLITICO պարբերականի՝ Չինաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վան Ին, որ ներկայում ՉԿԿ Քաղբյուրոյի անդամ է, հաջորդ ամիս կայցելի Գերմանիա եւ Բելգիա, որպեսզի «չին-եվրոպական» հարաբերությունները «թարմացնի»։ Վան Ին կմասնակցի անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսին, կայցելի ԵՄ կենտրոնակայան։
Այցը հնարավորություն կտա հաղթահարելու Չինաստանի եւ Եվրոպայի հարաբերություններում վերջին շրջանում եղած լարվածությունը, որն առաջացել էր Պեկինի՝ ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվային աջակցելու պատճառով։
Հիշեցնենք, որ Վան Իի պաշտոնը բարձրացվել է։ Նա արտաքին գործերի նախարարի պաշտոնից դարձել է Քաղբյուրոյի անդամ։ Դա քսանչորս հոգուց բաղկացած կուսակցական կառույց է, որը վերահսկում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը։
Պարբերականը նշում է, որ չին-ամերիկյան լարված մրցակցային հարաբերությունները հաշվի առնելիս ակնհայտ է դառնում, որ Պեկինը ներկայում փորձում է դիվանագիտական գործակցությամբ սիրաշահել Բրյուսելին եւ իր կողմը գրավել։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Պեկին այցելեցին ԵԽ նախագահ Շառլ Միշելն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որոնք հանդիպեցին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ու ստացան նրանից հավաստիացում, ըստ եվրոպական քաղաքական գործիչների հայտարարության, որ Պեկինը չի աջակցի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենքի կիրառման սպառնալիքին։
Չինաստանի նախագահը անցյալ տարի նոյեմբերին Բալիում տեղի ունեցած «Մեծ Քսանյակի» վերջին գագաթնաժողովում հանդիպել էր նաեւ Իսպանիայի, Նիդերլանդների եւ Իտալիայի ղեկավարների հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ Չինաստան կայցելի այս տարվա սկզբներին։