Ըստ Reuters լրատվական գործակալության՝ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում ջրհեղեղների եւ փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։ Նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ դեկտեմբերի 26-ին նահանգին պատուհասած տեղատարափ անձրեւներն ու փոթորիկները առնվազն քսան մարդու կյանք են խլել, իսկ տասնյակ հազարավորներ էլ շարունակում են տարհանված մնալ։ Նախատեսվում է, որ հունվարի 19-ին Կալիֆոռնիա կայցելի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հանդիպելու փրկարարներին, ինչպես նաեւ «գնահատելու, թե հավելյալ ինչ օգնություն է անհրաժեշտ, որը կարող է տրամադրել դաշնային կառավարությունը աղետյալներին»։
Հիշեցնենք, որ պատուհասած ջրհեղեղների եւ փոթորիկների հետեւանքով Կալիֆոռնիայում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Այստեղ նաեւ տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Ռիո-Դել քաղաքից 15 կմ դեպի հարավ-արեւելք էր, օջախի խորությունը 27,8 կմ էր։
Նշենք, որ չնայած պատճառված վնասներին՝ փոթորիկները եւ տեղատարափ անձրեւները մեղմացրել են Կալիֆոռնիայում ներկայում դիտվող պատմական երաշտը։ Նահանգի մեծ մասում արդեն թափվել է միջին տարեկան տեղումների քանակի կեսը։ Սակայն անձրեւների սեզոնին դեռ երկու ամիս կա, եւ իշխանությունները շարունակաբար հորդորում են խնայողությամբ օգտագործել ջուրը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նահանգը չափավոր կամ ուժգին երաշտի մեջ է, եւ ջրամբարներում առկա ջրի քանակը դեռեւս շարունակում է մնալ ցածր այդ սեզոնին հատկանշական ջրի առկայության միջին ցուցանիշից։ Water-Data.com-ի տվյալներն, օրինակ, վկայում են, որ Կոլորադոյի երկու խոշոր ջրամբարները՝ Միդ եւ Պաուել լճերը, լցված են համապատասխանաբար 28,5 եւ 22,6 տոկոսով, ինչը անցյալ տարվա համեմատությամբ քիչ է։