ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ նախարարության ենթակայության 12 գրադարաններն ամփոփել են 2022-ի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022-ին գրադարաններն ունեցել են 111 հազար 687 ընթերցող, 24 հազար 10 էլեկտրոնային շտեմարաններից օգտվող։ Սպասարկված միավորների թիվը եղել է 3 միլիոն 70 հազար 42 միավոր (տացք), 82 հազար 530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 միլիոն 670 հազար 826: «Հայ գիրք» եւ «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը եղել է 12 միլիոն 195 հազար 435:
2022-ին Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սեւադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022-ին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին եւ Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։ Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաեւ «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։
Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական եւ գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդգրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Ըստ համադրող Լիլիթ Մուրադյանի կազմած գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021-ին գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից`10 մարզային, 117 քաղաքային, 502 գյուղական, 22 մանկական: