Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի երկրաբանական հետախուզական գործակալության խորհրդի նախագահ Ալի Ալիեւը հայտարարել է, որ «Արեւելյան Զանգեզուրում եւ Ղարաբաղում օգտակար հանածոների պաշարների գնահատման ուղղությամբ աշխատանքներն ավարտվում են»։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «այդ տարածքներում հայկական օկուպացիայի ընթացքում Ադրբեջանին պատճառված վնասի չափերի որոշումը հիմք կդառնա ապագայում վնասների հատուցման գործ հարուցելու համար»։
Ալիեւի պնդմամբ՝ ոսկու պաշարները Սեյուդլուի հանքավայրում (Քալբաջարի շրջան) գնահատվում են 112,5 տոննա։ Վեջնալիի հանքավայրում (Զանգիլանի շրջան) ոսկու պաշարները՝ 6,5 տոննա, արծաթինը` 10,75 տոննա, պղնձինը` շուրջ 4 հազար տոննա են։ Դեմիրլիի (Կաշենի) հանքավայրում պղնձի պաշարները 457 հազար տոննա են, Ղըզըբուլաղի (Դրմբոնի) հանքավայրում ոսկու պաշարները13,7 տոննա են:
«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: Բրիտանական այդ ընկերությունն անցած ամիս դիմել է ՄԱԿ-ին եւ մի շարք օտարերկրյա պետությունների՝ խնդրելով օգնել վերականգնելու Ղարաբաղում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման իր իրավունքները եւ ընկերության աշխատակիցների համար ֆիզիկական մուտք ապահովելու հանքավայրեր: