Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս:
Փայլանը նշել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ են պահում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների մի խումբ ու ադրբեջանական անվտանգության ուժերը։ Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հիմնական օգտագործման պարագաների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը, ձեռքբերման ճգնաժամը։ Ըդգծվել է, որ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ ծանր ձմեռային պայմաններում հումանիտար ճգնաժամի առջեւ է։
Այս համատեքստում Փայլանը Չավուշօղլուին հարցրել է՝ «Ի՞նչ եք անում ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար»։ «ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել»։ «Գիտակցո՞ւմ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը»։ «Թուրքիան, որը պարծենում է նրանով, որ ներգրավվում է աշխարհի շատ հումանիտար խնդիրների լուծման հարցերում, ինչո՞ւ մատը չի շարժում ԼՂ-ում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար»։