ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին հայտարարել է, որ դեռեւս հնարավոր է հասնել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի նպատակին եւ թույլ չտալ ջերմաստիճանի բարձրացում 1,5°C-ից ավելի, բայց դրա համար անհրաժեշտ է այս խնդրին վերաբերվել ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին հասնելուն: Ըստ նրա՝ դեռեւս կա դրան հասնելու հնարավորություն, եթե մարդկությունը դրան վերաբերվի իբրեւ իրական մարտահրավերի, ճիշտ այնպես, ինչպես հաղթանակի էինք ձգտում Երկրորդ աշխարհամարտում:
Պաշտոնյան հիշեցրել է, որ բոլոր արտանետումների 80%-ի համար պատասխանատվություն են կրում Մեծ Քսանյակի տնտեսությունները։ «Խնդիրը լուծելու համար նախ պետք է վստահ լինել, որ այդ բոլոր երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Բրազիլիան, կանեն անհրաժեշտը։ Նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը եւ լուծում փնտրեն, բայց դրա համար հատկացված ժամանակը սպառվում է», — ասել է Քերին։
Կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը չի կասկածում, որ աշխարհը կանցնի ցածր ածխածնային տնտեսության, բայց վստահ չէ, որ դա տեղի կունենա ժամանակին, եւ մոլորակին հնարավորություն կընձեռվի խուսափել ամենասարսափելի հետեւանքներից, որոնք կազդեն միլիոնավոր մարդկանց վրա։ «Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը Աֆրիկայում են»,- հավելել է նա: