ՀՀ Ազգային ժողովի ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետեւանքով Արցախում շրջափակված են մնացել նաեւ տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ։ Նա միջազգային կառույցներին եւ առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանելու Բաքվի նկատմամբ:
Միրզոեւան հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել միջազգային հանրության, բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջանցքը բացելու կոչերին: «Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, առանցքային դերակատարում ունեցող երկրները պատժամիջոցներ սահմանեն 120 հազար մարդու շրջափակման մեջ պահող երկրի՝ Ադրբեջանի եւ նրա առաջնորդների նկատմամբ»,- շեշտել է նա:
Պատգամավորը ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին եւ կառույցներին կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկելու՝ կանխարգելելու Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը, որի զոհն են դառնում ոչ միայն հայերը, այլ նաեւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: