Եվրոպական խորհրդարանի հունվարի 16-19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին անցկացված քվեարկությամբ, ընդունվել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույց» (CFSP) բանաձեւը։
Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր:
CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է եւ դրանում որեւէ ձեւակերպման համաձայնեցում ու ընդունում ձեւավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Զեկույցում.
Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիան, որը զինադադարի խախտում է եւ լուրջ հետեւանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի եւ կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ 2009թվականի հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները:
Մտահոգություն է արտահայտվում հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ եւ կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը: Ընդգծվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությունը:
Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը եւ կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից:
CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել է նաեւ զեկույցին՝ Լաչինի միջանցքի Ադրբեջանի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Ադրբեջանի խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը: