Գերմանիայի ածխահանքերից մեկի ընդլայնման դեմ հունվարի 17-ին Գրետա Թունբերգի ու մի քանի ակտիվիստների բողոքի ցույցն ավարտվել է նրանց բերման ենթարկելով: Տեղի ոստիկանությունը ինքնությունը ստուգելուց հետո նրանց ազատ է արձակել: «Գերմանիան աշխարհի ամենամեծ աղտոտողներից մեկն է եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Թունբերգը:
Գրետան ու մի շարք ակտիվիստներ հանդես են եկել հանածո վառելիքի արդյունահանման ինտենսիվ ընդլայնումը դադարեցնելու կոչով՝ ուղղված համաշխարհային քաղաքական առաջնորդներին ու բիզնեսի ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր այս օրերին՝ հունվարի 16-20-ը, մասնակցում են Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
«Այս դիմումի նատակն է պահանջել, որ անմիջապես դադարեցնեք նավթի, գազի կամ ածուխի արդյունահանման ցանկացած նոր օբյեկտի բացումը եւ այլեւս չարգելափակեք անցումը մաքուր էներգիայի, որը մեզ բոլորիս այդքան խիստ անհրաժեշտ է: Դուք պետք է դադարեցնեք այդ գործունեությունը, քանի որ դա մարդու՝ մաքուր, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի իրավունքի ուղղակի խախտում է, բնիկ ժողովուրդների իրավունքների նկատմամբ ձեր պարտավորությունների խախտում»,- նշված է ակտիվիստների կոչում:
Անհապաղ համարժեք գործողություններ չձեռնարկելու դեպքում ակտիվիստները մտադիր են շարունակել բողոքի զանգվածային ցույցերը: «Նկատի ունեցեք, որ քաղաքացիներն աշխարհով մեկ կդիտարկեն ձեզ պատասխանատվության ենթարկելու ցանկացած իրավական գործողություն»,- նշել են Գրետա Թունբերգն ու նրա համախոհները:
Նրանք տեղեկացրել են, որ առաջիկա օրերին Շվեյցարիա կմեկնեն՝ նավթագազային ընկերությունների ղեկավարներից պահանջելու, որ դադարեցնեն նավթի եւ գազի ցանկացած նոր նախագիծ: Նրանք հորդորել են միանալ իրենց՝ բարձրաձայնելու խնդիրը եւ ցույց տալու, որ մարդիկ տեսնում են այդ ընկերությունների ստերը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւս միացել է էկոակտիվիստների՝ հանածո վառելիքի արդյունահանման ինտենսիվ ընդլայնումը դադարեցնելու կոչին:
«ԷկոԼուրի» թիմը շեշտել է, որ հանածո վառելիքի նկատմամբ համաշխարհային քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա՝ որպես կլիմայական սպառնալիքների առումով խոցելի երկրի, ազդում է նաեւ համաշխարհային առաջնորդների չեզոք արձագանքի վրա՝ կապված նավթային եւ գազային Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների հետ: «Մենք պետք է դրա մասին հայտարարենք բոլոր մակարդակներում, որպեսզի լսելի լինենք»,- նշել են նրանք եւ դիմում-կոչին միանալու եւ համատեղ քայլեր ձեռնարկելու կոչ արել:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։