118 տարեկանում մահացել է ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը, ով ավելի շատ հայտնի էր որպես միանձնուհի քույր Անդրե։ Նա համարվում էր մոլորակի ամենատարեց բնակիչը։
Լյուսիլ Ռանդոնը ծնվել էր 1904 թվականի փետրվարի 11-ին Ֆրանսիայի հարավում։ Նա վերապրել էր երկու համաշխարհային պատերազմները, «իսպանկայի» համավարակը եւ կորոնավիրուսային համավարակը։ Նույնիսկ 2021-ին վարակվել էր Քովիդ-19-ով եւ առողջացել։ Վերջին տարիներին Լյուսիլ Ռանդոնը բնակվում էր ծերերի գիշերօթիկ խնամքի կենտրոնում։ Կորցրել էր տեսողությունը, տեղաշարժվում էր անվասայլակով։ Մինչեւ 108 տարեկանը, սակայն, շարունակում էր աշխատել վանքում։
Այժմ արդեն՝ Լյուսիլ Ռանդոնի մահվանից հետո, մոլորակի ամենատարեց բնակիչը Մարիա Բրանյաս Մորերան է, ով 115 տարեկան է, ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին։