Այսօր «Ազատություն» ռադիոկայանը տեղեկություն տարածեց, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով: Նախորդն ավարտվել էր դեկտեմբերին նախապես ծրագրված երկու ամսվա ժամկետի լրանալուց հետո:
Այդ առաքելության անհրաժեշտությունն առաջացավ, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ գրավելով Ջերմուկի ու Վարդենիսի սարերի որոշ դիրքեր:
Դրանից որոշ ժամանակ հետո, երբ Հայաստանի համար հստակ էր, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը մտադիր չեն որեւէ քայլ անել գործընկեր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությամբ, մեր պետությունը դիմեց ԵՄ-ին ու ստացավ այդ առաքելությունը: Երկու ամսում ադրբեջանցիները Հայաստանի տարածքի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չիրականացրին:
Եվս երկու տարով ԵՄ դիտորդական առաքելությունն, իհարկե, լավ լուր է: Դա նշանակում է, որ եւս երկու տարի մեր սահմանների նկատմամբ նոր ոտնձգություն չի լինի, քանի որ դա արդեն ոտնձգություն է ԵՄ անձնակազմի նկատմամբ: Ահա ինչու էր նախորդ երկու ամիսներին եւ նույնիսկ հիմա Ադրբեջանն իր «ասելիքը» կենտրոնացրել Լեռնային Ղարաբաղի վրա: Այսինքն՝ Հայաստանը չի՞ ուզում բանակցել, դրանից կտուժի Լեռնային Ղարաբաղը: Բանակցել ասվածն էլ այն է, թե Մեղրիով միջանցք անցնո՞ւմ է, թե՞ ոչ:
Բայց այս առաքելության մասին լուրն իրականում վտանգ էլ ունի: Նախ՝ դեռ Ադրբեջանը կարող է ԵՄ-ին համոզել, որ չի կարող երաշխավորել, որ դա լրիվ անվտանգ առաքելություն է լինելու: Երկրորդ՝ մինչեւ նոր առաքելության մեկնարկը Ադրբեջանը կկոշտացնի ԼՂ-ի նկատմամբ պատժամիջոցները: Արդեն իսկ ԵՄ-ի նոր առաքելության լուրին զուգահեռ Ադրբեջանը կրկին անջատել է ԼՂ գազամատակարարումը: Իսկ ինչո՞ւ է անջատում: Պարզ է՝ ռուսներին ասում է տեղից շարժվե՛ք: Այսինքն՝ միջո՛ց գտեք Հայաստանի վրա ազդելու, քանի որ ԵՄ դիտորդական առաքելության ընթացքում հազիվ թե հնարավոր լինի խոսել Մեղրիի միջանցքի մասին:
Փոխարենը ի՞նչ կանի Ադրբեջանը: Ի թիվս զինուժի նա ունի նաեւ համբերություն: Ու դա ենթադրում է, որ գոնե երկու տարվա ընթացքում, եթե ոչ ավելի շուտ, նա կմաշեցնի ԼՂ բնակչության՝ իր հողում մնալու եւ ապրելու կամքը, մինչեւ ձեռքը հասնի Հայաստանին:
Իսկ թե ինչ կանի Հայաստանը, որի միակ զենքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, պարզ չէ: Մեզ այդ համբերությունը պետք է փաստաթուղթը այլ զենքերով փոխարինելու համար: Բայց սա այլ պատմություն է:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: