Սպիտակ տանը ակնարկել են, որ Միացյալ Նահանգներն ավարտում է Ուկրաինային ռազմական նոր օգնության տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ СNN-ի հետ զրույցում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է․
«Ես կարծում եմ, որ դուք կշարունակեք լսել նորություններ, որ Միացյալ Նահանգները հավելյալ անվտանգային օգնության փաթեթներ է պատրաստել, հավելյալ զենք եւ նոր հնարավորություններ Ուկրաինայի համար։ Հնարավոր է, որ դա լինի արդեն այս շաբաթվա վերջ»։
Ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչ է նախատեսվում տրամադրել Կիեւին նոր ռազմական օգնության փաթեթով՝ նշելով, որ չի ուզում առաջ ընկնել ու խոսել այնպիսի բաներից, որոնք դեռ հայտարարված չեն։
Նա միայն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է այնպես կազմակերպել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը, որպեսզի համապատասխանի Ուկրաինայի կարիքներին, իսկ եթե լինի այնպես, որ չկարողանա հատկացնել ինչ-որ տեսակի սպառազինություն, ապա կաշխատի մյուս դաշնակիցների հետ։