ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դավոսի համաժողովի ընթացքում հայտնել է, որ այլեւս չի պաշտպանում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի գաղափարը։ Նա խոստովանել է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմը ինքը դեմ էր Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ վախենում էր, որ կսկսվի հենց այն գործընթացը, որին հիմա ականատես ենք լինում։ «Հիմա, երբ այդ գործընթացը հասել է նման մակարդակի, չեզոք Ուկրաինայի գաղափարն այս պայմաններում արդեն իմաստ չունի։ Ըստ իս՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նպատակահարմար գործողություն կլինի»,- շեշտել է նա։
Քիսինջերը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը տեղին կլիներ, երբ խաղաղություն հաստատվեր։ Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի դիմադրությանը եւ «անհրաժեշտության դեպքում ուժեղացնի իր ռազմական օգնությունը մինչեւ կրակի դադարեցումը»։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ին պետք է հնարավորություն տալ միջազգային համակարգ վերադառնալ Կիեւի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրից հետո, եւ ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։ Ըստ նրա՝ դա չպետք է պատերազմ լինի ՌԴ-ի գոյության դեմ որպես այդպիսին։ «Ռուսաստանի ոչնչացումը որպես պետության, որն ի վիճակի է իր սեփական քաղաքականությունը վարելու, նրա տասնմեկ ժամային գոտիների հսկայական տարածքը կբացի ներքին հակամարտության եւ արտաքին միջամտության առաջ։ Մինչդեռ նրա տարածքում 15 հազար եւ ավելի միավոր միջուկային զենք կա: Ահա թե ինչու եմ կողմ Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Կարծում եմ, որ դա լարվածության սրացումը կանխելու միջոց է»,- ընդգծել է Քիսինջերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղարն առաջարկել էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է քննարկի տարածքների հանձնման հարցը հրադադարի դիմաց: Դրանից հետո Քիսինջերը հռչակվել է «Ուկրաինայի թշնամի» եւ հայտնվել ուկրաինական «Խաղաղապահ» կայքի ցուցակում։