Ըստ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» (ISW)՝ Ռուսաստանում բանակային բարեփոխումները, որոնց մասին օրեր առաջ հայտարարել էր այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, կարող են ազդել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի վրա առաջիկա վեց ամսում, եթե հնարավոր լինի իրականացնել ռուսական զինուժի թվակազմի ավելացման պլանը։
Շոյգուի հայտարարած բարեփոխումները, ըստ ISW-ի փորձագետների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը մտադիր է իր զինված ուժերը այնպես վերաձեւավորել, որ հնարավորություն ունենա լայնածավալ եւ տեւական պատերազմ վարելու սովորական սպառազինությունների կիրառմամբ։ Ընդ որում՝ խոսքը միայն ներկայում ընթացող ռուս-ուկրաինական պատերազմին չի վերաբերում։
Տեսականորեն Ռուսաստանը կարող է նոր զորամիավորումներ ստեղծել, սակայն դեռ անորոշ է, թե կկարողանան արդյոք ռուսական իշխանություններն ամբողջապես կոմպլեկտավորել այդ նոր ստեղծվելիք զորամիավորումները, համաձայն ռազմական հայեցակարգի պահանջների, ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում։ Ըստ փորձագետների՝ ռուսական զորքի բարեփոխումների եւ թվակազմի ավելացման պայմաններում առնվազն դեռեւս մինչեւ ամառ եւ ամառվա ընթացքում Ուկրաինան կունենա հնարավորություն պատերազմում բեկում մտցնելու, եթե Արեւմուտքը բավարար չափով ռազմական, նյութատեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն տրամադրի։