ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանում՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
Թարմացում
Իրանական Tasnim գործակալությունն ավելի ուշ հայտնել է, որ երկրաշարժից վիրավորվել է 120 մարդ, նրանք վնասվածքներ են ստացել փախուստի փորձ կատարելու ժամանակ: Տուժել է առնվազն 12 բնակավայր, լուրջ վնաս է հասցվել 200 գյուղական տներին: Դեպքի վայր է ուղարկվել Կարմիր մահիկի գնահատողների 15 խումբ՝ իրավիճակն ուսումնասիրելու համար։
Երկրաշարժից տուժած շրջաններում անցկացվում է իրավիճակի գնահատում։ Գրանցվել է առնվազն հինգ հետցնցում։