Ամերիկյան Politico պարբերականը, հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին, հայտնել է, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչեւ 100 դիտորդ եւ երկամյա մանդատ կստանա: Հոկտեմբերի վերջին 40 դիտորդների առաքելության մանդատը նախատեսված էր երկու ամսով ու լրացել էր դեկտեմբերի 19-ին։
«Երեւանի իշխանության հետ փոխադարձ ընկալում կար, որ ներկայությունը վերականգնելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ տարածաշրջան կուղարկվեն մինչեւ 100 դիտորդ՝ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակում»,- հայտնել է աղբյուրը պարբերականին։
Երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման համար կուղարկվի Բրյուսելի քաղաքականության եւ անվտանգության կոմիտե:
Խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ամբողջ բարդությունը․ Լավրով
Հունվարի 18-ին ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան ուղարկելու առաքելություն, եւ հավելել, որ հայկական կողմը նախընտրում է երկարատեւ հիմունքներով պայմանավորվել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ։ «Դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, եւ եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է «կոնտրպրոդուկտիվ» լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն նա կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը վստահ է, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ամբողջ բարդությունը: