DW-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Անատոլի Լեգկոդիմովը։ Նա կասկածվում է փողերի լվացման մեջ։ 40-ամյա Լեգկոդիմովը, որը հայտնի է նաեւ «Գենդալֆ» եւ «Տոլիկ» մականուններով, Bitzlato թվային արժույթի բորսայի հիմնադիրն է։
Ամերիկյան իրավապահների տվյալներով՝ Մայամիում բնակվող Լեգկոդիմովը զբաղվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների փոխանցումներով։ Նա նաեւ կատարել է դրամական փոխանցումներ, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ում ընդունված չափորոշիչներին, այդ թվում նաեւ՝ փողերի լվացման դեմ պայքարի առնչությամբ եղած պահանջներին։ Եթե մեղադրական վճիռ կայացվի, Լեգկոդիմովը մինչեւ 5 տարի կանցկացնի բանտում։
ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Bitzlato թվային արժույթի բորսան գրանցված է Հոնկոնգում։ Այս բորսայում կատարվել է ավելի քան 700 միլիոն դոլարի անօրինական միջոցների գործարք։