Ըստ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» (ISW)՝ Ռուսաստանում՝ ռուս-ուկրաինական պատերազմին հավանություն տվող հանրային սեկտորում, ամենայն հավանականությամբ կթույլատրվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ռուսական պետության բարձրագույն ղեկավարության կազմի մյուս ներկայացուցիչներին քննադատելը։ Սակայն նման իրավունքով օժտված կլինեն ոչ բոլորը։ ISW-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել ռուսական կողմից հնչող որոշ մեկնաբանություններ ու հայտարարություններ։
Այսպես, օրինակ՝ Իգոր Գիրկինը վերջերս կտրուկ ակնարկ էր արել, որ աջակցում է Կրեմլի ղեկավարի փոփոխությանը։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն էլ շարունակաբար սուր քննադատության է ենթարկում ՌԴ ՊՆ հրամաններն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ «Պուտինի խոհարարը» նաեւ մի քանի անգամ իր հանրային խոսքում «հարձակվել է» Կրեմլի վրա՝ այնտեղ աշխատողներին անվանելով «դավաճաններ, որոնք ուզում են, որ Ռուսաստանը պարտվի պատերազմում»։
ISW-ի մասնագետները կարծում են, որ Ռուսաստանի նախագահը որոշել է որոշ «առանձնաշնորհյալների» թույլատրել քննադատել իրեն եւ իր ենթականերին եւ նրանց խոսքը չենթարկել գրաքննության երկար ժամանակ։