Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում այսօր՝ հունվարի 19-ին, տեղի ունեցած «Ուկրաինական նախաճաշի» ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, քանի որ վստահ չէ, որ նա ողջ է։
«Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ում հետ պետք է խոսեմ եւ ինչի մասին։ Ես վստահ չեմ, որ Ռուսաստանի այն նախագահը, որը երբեմն-երբեմն երեւում է էկրաններին, հենց ինքն է։ Ես չեմ կարողանում ամբողջապես հասկանալ, թե արդյոք նա ողջ է, նա է արդյոք կայացնում որոշումները, թե այլ մեկը։ Կամ էլ որոշում կայացնողները որոշակի անձանց շրջանակ են։ Ես այս առնչությամբ որեւէ տեղեկություն չունեմ»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։
«Strana»-ի փոխանցմամբ, ավելի վաղ էլ ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Պուտինը հիվանդ է քաղցկեղով ու շատ շուտով կմեռնի։ Պուտինի՝ հնարավոր հիվանդության մասին առանձին լրատվամիջոցներում արդեն վաղուց «շշուկներ են պտտվում», սակայն որեւէ կերպ դրանք չեն հաստատվել։