Ըստ CNN-ի՝ Միացյալ Նահանգները ամբողջականացնում է Ուկրաինային հատկացվելիք նոր ռազմական օգնության փաթեթի նախապատրաստական աշխատանքները։ Նոր փաթեթի ընդհանուր արժեքը կլինի 2,5 միլիարդ դոլար։ Առաջին անգամ ամերիկյան կողմը Ուկրաինային կփոխանցի Stryker զրահամեքենաներ։
Ըստ CNN-ի աղբյուրների՝ ռազմական օգնության նոր փաթեթը դեռ հաստատված չէ, սակայն կարող է հաստատվել արդեն այս շաբաթվա վերջին։ Հայտնի է, որ վերոնշյալ ռազմական օգնության փաթեթը կլինի ամենից ծավալունը՝ սկսած ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից։ Ամերիկյան կողմը Ուկրաինային մտադիր է փոխանցել Bradley զրահապատ ռազմական մեքենաներ, որոնք, Strykers մեքենաների հետ համադրվելով, կարող են էապես բարձրացնել ուկրաինական զինուժի հնարավորությունները։
Հատկացվելիք սպառազինությունների ցանկում ներառվել են նաեւ հակաականային պաշտպանության MRAP մեքենաներ, որոնք նաեւ կիրառվում են ծուղակների հաղթահարման համար։ Այս ամենով հանդերձ Ուկրաինային հատկացվելիք ամերիկյան նոր ռազմական օգնությունը չի ներառի տանկեր եւ մեծ հեռահարության հրթիռներ, որոնք Ուկրաինան Միացյալ Նահանգներին բազմիցս խնդրել է տրամադրել։ Սպասվում է, որ ամերիկացիները Ուկրաինա կուղարկեն հրետանային եւ HIMARS հրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք։ Ուկրաինական կողմը փորձում է ամեն գնով ստանալ ամերիկյան տակտիկական ATACMS հրթիռային համակարգեր, որոնք ունեն 300 կմ հեռահարություն, սակայն նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի տրամադրում դրանք՝ մտավախություն ունենալով Ռուսաստանի հետ հակամարտության հետագա սրացման վերաբերյալ։
CNN-ը նաեւ հայտնում է, որ նախագահ Բայդենի վարչակազմը մտադիր է 125 միլիոն դոլարի չափով հավելյալ էներգետիկ աջակցություն հատկացնել Ուկրաինային ԱՄՆ ՄԶԳ (USAID) միջոցով։ Այդ գումարը կծախսվի կենսական կարեւորություն ներկայացնող սարքերի, այդ թվում՝ գազային տուրբինների, բարձր վոլտային ավտոտրանսֆորմատորների, բաշխիչ ցանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ռեզերվային էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար, որոնք անհրաժեշտ են Կիեւի ջրամատակարարման եւ կենտրոնական ջեռուցման համակարգի անխափան աշխատանքի համար։