Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած որոշման նախագծով ՀՀ ճանապարհային երթեւեկության նշանները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտներին։
Առաջիկայում նախատեսվում է անկյունագծային հետիոտնային երթեւեկություն ունեցող խաչմերուկներում կիրառել երկու նոր նշաններ, որոնք Հայաստանում նախկինում չեն եղել։ Բացի դրանից՝ անկյունագծային հետիոտնային երթեւեկության վայրում հետիոտնային անցումը կգծանշվի նոր ձեւով։ Մեկ այլ կետով առաջարկվում է համապատասխան տեղերում տեղադրել «Էլեկտրամոբիլների լիցքավորում» նշաններ:
Նոր նշաններ տեղադրելուն զուգահեռ առաջարկվում է ՀՀ ճանապարհային երթեւեկության նշանների շարքից հանել «սպասարկման» խմբի 34 այնպիսի նշաններ, որոնք մեր երկրում գրեթե չեն կիրառվում։ Դրանք են՝ «Թանգարան», «Օդանավակայան», «Խարույկ», «Խաղահրապարակ», «Նետաձգություն», «Քարանձավախուզում», «Մագլցում» , «Ժայռամագլցում», «Աստղադիտում», «Ձիավարություն», «Դահուկավազքի արահետ», «Լեռնադահուկային արահետ», «Չմշկավազք», «Սլայդինգ», «Սնոբոուրդինդ», «Ձյունագնաց», «Արջերի դիտում»։
ՀՀ ճանապարհային երթեւեկության նշանների շարքից կվերացվեն նաեւ «Թռչնադիտում», «Եղնիկների դիտակետ», «Բույսերի (ծաղիկների) դիտում», «Կիրճի մուտք», «Դիտակետ», «Ջրասուզում, «Ձկնորսություն», «Կայակինգ», «Ջրային դահուկ», «Հեծանվանավակ», «Մոտորանավակ», «Ռաֆթինգ», «Լողալու թույլատրելի ափ», «Վինդսրֆինգ», «Գիշերակացի ծածկ», «Բացօթյա սնվելու վայր» եւ «Բացօթյա սնվելու վայրի շվաքարան» նշանները։
Նոր նշանները ՀՀ ճանապարհներին կհայտնվեն 10 օր հետո։