Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի կառավարությունը «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար» հայկական կողմից պահանջում է լիարժեք փոխհատուցում վճարել։ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել, որի նպատակն է «ապահովել վայրի բուսական եւ կենդանական աշխարհի եւ դրանց կենսամիջավայրերի պահպանությունը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ պնդում է, որ Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: «Զանգվածային անտառահատումները, ապօրինի շինարարությունը եւ հանքարդյունաբերությունն այն տարածքներում, որոնք մինչ օկուպացիան բնական արգելոցներ էին, վտանգել են Ադրբեջանում վայրի բնության ավելի քան 500 տեսակներ»,- ասված է հաղորդագրությունում։