ՀՀ-ում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի դեսպանատները ցավակցություններ են հայտնել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեի ցավակցական հաղորդագրության մեջ։
Իրանի դեսպանությունից հայտնել են, որ շուտափույթ ապաքինում են մաղթում վիրավորներին, իսկ իրենց մտքերն ու կարեկցանքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին եւ ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասված է ՌԴ դեսպանատան ցավակցության մեջ։
«Շատ տխուր լուր է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցածը։ Բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց սիրելիներին եւ հարազատներին»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։