Կառավարությունն ի վերջո հանրային քննարկման է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգի» նախագիծը։ «ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման եւ ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը»,- սա համակարգի մասին նախագծի պաշտոնական ձեւակերպումն է։
Պարզ ասած՝ առողջապահության ոլորտում ապահովագրության ներդրումը ենթադրում է, որ մեր քաղաքացիները հիվանդանոցներում այլեւս գումար չեն ծախսի։ Ամեն ամիս նախապես որոշակի գումար կվճարենք պետությանը, որն էլ պետք է ֆինանսավորի մեր մեր գրեթե բոլոր հիվանդությունների բուժումը։ Իսկ չաշխատող քաղաքացիների՝ անչափահասների, թոշակառուների կամ անապահով մարդկանց առողջության խնդիրների համար պետությունը կվճարի իր բյուջեից։ Սա քաղաքակիրթ աշխարհում ներդրված եւ ընդունված համակարգ է, որը գործող իշխանությունները փորձում են կիրառել նաեւ մեր երկրում։
Նախագծում նաեւ ներկայացված է Հայաստանի առողջապահական վիճակի վերաբերյալ հետաքրքիր վիճակագրական տվյալներ։ Ըստ այդմ՝ Հայաստանի առողջապահության ոլորտն ունի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում. վերջին 25 տարիներին ոլորտին հատկացվել է բյուջեի ծախսերի ընդամենը 5,4%-ը կամ ՀՆԱ-ի շուրջ 1,4%-ը։ Դա առնվազն 4 անգամ պակաս է մեր երկրի հետ միեւնույն եկամտային խմբում գտնվող պետությունների միջին ցուցանիշներից։ Այդ պատճառով ՀՀ ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը եւ ծայրահեղ աղքատների 49%-ը չի այցելում բժշկի:
Մեր իշխանությունները կարծում են, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը կնպաստի հիվանդացության եւ մահացության ցուցանիշների բարելավմանը, կյանքի միջին տեւողության ավելացմանը, առողջության խնդիրների հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմանը, մարդկային կապիտալի կայուն զարգացմանն ու տնտեսության աճին: Ի վերջո կապահովի բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը եւ կբարելավի բուժօգնության որակը:
Կառավարությունը նախ խոստանում է, ներդրման փորձարկման փուլից սկսած, ապահովել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների աստիճանական ավելացում։ ԱՀԱ-ի վերջնական ներդրման տարվա՝ 2027 թվականի եւ հաջորդ տարիների համար գրեթե եռապատկել պետական բյուջեի ծախսերը՝ հասցնելով առնվազն 15% կամ ՀՆԱ-ում նվազագույնը 4% չափաբաժնի։
2023 թվականին, օրինակ, պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 146 մլրդ դրամ, որը 4%-ով ավելի է 2022-ին հատկացվածից։ Խոստանում է, օրինակ, 2026 թվականին պետական ֆինանսավորումը հասցնել 275 մլրդ դրամի։ Մեր երկրում, սակայն, այդ ոլորտում ամեն տարի ծախսվում է 600-700 միլիարդ դրամ կամ մոտ 1,7 միլիարդ դոլար։ Այսինքն՝ մեծ մասը մեր քաղաքացիներն իրենց գրպանից են վճարում բուժհիմնարկներին։
Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում պետությունը որոշել է ստեղծել անկախ հիմնադրամ, որտեղ էլ կմեկտեղի քաղաքացիներից գանձվող եւ բյուջեից հատկացվող այդ բոլոր միջոցները։ Կառավարությունը, սակայն, խուսափում է գլխավոր հարցերից մեկը բացահայտելուց՝ որքան գումար են պատրաստվում գանձելու աշխատող քաղաքացիներից։ Դա լինելու է ֆիքսված գումար, թե աշխատավարձից որոշակի տոկոս, վճարելու է քաղաքացին, թե գործատուն նրա փոխարեն՝ դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ, երբ իշխանություններն առաջին անգամ սկսեցին քննարկել ապահովագրական համակարգի ներդրման հարցը, այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ մշակվել էր մի տարբերակ, որը նախատեսում էր աշխատավարձերի 6 տոկոսի պահում։ Դա հանրության շրջանում դժգոհություն էր առաջացրել, եւ իշխանությունները ստիպված հրաժարվեցին այդ մտքից։ Թե հիմա ինչ տարբերակ են մշակել, առայժմ գաղտնիք է։
Ընդամենը հայտնի է, որ այս տարի պետք է մշակեն եւ ընդունեն համակարգը ներդնելու համար անհրաժեշտ օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը։ Ներդրումը կարվի աստիճանաբար. կսկսեն 2024-ին, կավարտեն 2027-ին։ Փորձարկման փուլը կտեւի 3 տարի՝ 2024-2026 թվականներին։ Առաջին տարում համակարգին կմիանա 1 մլն 364 հազար մարդ, 3-րդ տարում՝ շուրջ 2,3 մլն մարդ՝ հիմնականում անչափահասները, թոշակառուները, հաշմանդամները, սոցիալապես անապահովներն ու աշխատող բնակչության մի մասը, 2027-ին՝ արդեն ամբողջ բնակչությունը։
Կառավարությունը խոստանում է, որ համակարգի ներդրման արդյունքում ապահովագրությունը կֆինանսավորի մեր հիվանդությունների շուրջ 95 տոկոսի բուժումը, եւ մեր քաղաքացիների գրեթե 95 տոկոսը կօգտվի նույն չափի եւ նույն որակի բուժսպասարկումից։ Հիմնադրամը չի ֆինանսավորի հիմնականում կոմֆորտ ծառայությունները՝ պլաստիկ վիրահատությունները, ատամնաբուժական որոշակի միջամտությունները, «լյուքս» հիվանդասենյակների վարձումը եւ այլն։
Նշենք, որ առողջապահության ոլորտում ապահովագրություն ներդնելու այն մոդելը, որն ընտրել են մեր իշխանությունները, շատ նման է կուտակային կենսաթոշակային համակարգին։ Երկու դեպքում էլ քաղաքացիներն են վճարելու, լինելու է նաեւ պետական ֆինանսավորում։ Երկու դեպքում էլ ֆինանսները կառավարելու է ոչ թե Կառավարությունը, այլ հիմնադրամները։ Բայց տարբերությունն այն է, որ եթե կենսաթոշակային համակարգի դեպքում քաղաքացին վճարում է այսօր, բայց թոշակը ստանալու է շատ տարիներ անց, ապա առողջապահական ապահովագրության դեպքում ազդեցությունը զգալու է հաջորդ օրը։ Այսինքն՝ համակարգին միանալու հաջորդ օրը կարող է իր բուժումների համար ֆինանսավորում ակնկալել։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք. եթե կուտակային կենսաթոշակային բարեփոխումը տարածվում է միայն մեր բնակչության մի մասի վրա՝ վճարում են աշխատողները, իսկ կենսաթոշակ ստանում են թոշակառուները, ապա առողջապահության ապահովագրությունը վերաբերում է բոլոր քաղաքացիներին անխտիր։ Այսինքն, եթե իշխանություններին հաջողվի ներդնել, ապա դա կլինի մեր երկրում երբեւէ իրականացված ամենամասշտաբային բարեփոխումը։
Հիշեցնենք նաեւ, որ կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ հասարակական մեծ դժգոհություն բարձրացվեց, եւ հարցը քաղաքականացվեց։ Կենսաթոշակայինի ներդրման ջատագովը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, բայց իշխանության մեկ այլ հատված այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թաքուն հովանավորությամբ խրախուսում էր դրա դեմ պայքարը։ Աբրահամյանը ոչ այնքան այդ բարեփոխման դեմ էր պայքարում, որքան ձգտում էր դրա հեղինակի պաշտոնին՝ վարչապետի աթոռին։ Նրան աջակցում էր եւ այդ դժգոհությունները գեներացնում էր խնամին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր բոլոր հնարավորություններով։ Ի վերջո՝ 2014 թվականին, Տիգրան Սարգսյանին հաջողվեց ներդնել համակարգը, բայց Հովիկ Աբրահամյանին էլ հաջողվեց հարցը քաղաքականացնելով նրան հեռացնել եւ հասնել իր նպատակին՝ դառնալ վարչապետ։
Թե դիմադրության ինչ ալիք կբարձրանա այս անգամ, եւ օրվա ընդդիմությունն այն ինչպես կօգտագործի իշխանությունների դեմ, ո՛ր պաշտոնյան կդառնա դրա քավության նոխազը, դժվար է կանխատեսել։ Որոշակի դժգոհություն ամեն դեպքում կլինի այն ժամանակ, երբ իշխանությունները բացահայտեն, թե որքան գումար է գանձվելու աշխատավարձերից։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։