Ըստ РБК-ի՝ Ռուսաստանում գործարարների ավելի քան 40 տոկոսը առաջիկա 1-2 տարվա համար որդեգրել է «գոյատեւման» մարտավարություն եւ չի նախատեսում այդ ժամանակահատվածում թողարկել նոր արտադրանք։ Այն գործարարները, որոնք, այնուամենայնիվ, նոր արտադրանք թողարկելու են, փորձում են արդեն շուկայում առկա իրենց ապրանքատեսականին հարմարեցնել գոյություն ունեցող պայմաններին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական բիզնեսի զգալի մասը ներկայում փորձում է ոչ թե զարգանալ, այլ գոյատեւել։
2022 թվականի նոյեմբերին արված ուսումնասիրությունը, որին մասնակցել է փոքր ու միջին ձեռներեցությունը ներկայացնող 1056 ընկերության ղեկավար եւ սեփականատեր՝ շինարարական ընկերություններ, մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում աշխատող ձեռնարկություններից, փաստել են, որ ռուսական տնտեսությունում ներկայում բավական մեծ է տեւական ստագնացիայի ռիսկը։ Դրանով պայմանավորված էլ «գոյատեւման մարտավարություն» որդեգրած ընկերությունները կարող են բազմաթիվ հնարավորություններ կորցնել շուկայում։ Իսկ գլոբալ առումով այս պայմաններում տնտեսության վերականգնումը կլինի չափազանց դանդաղ։ Հարցմանը մասնակցածների 43 տոկոսն այն կարծիքին է, որ տնտեսական ներկա իրավիճակը Ռուսաստանում բացասաբար է ազդել իրենց բիզնեսի վրա, 48 տոկոսը մտադիր է պարզապես գործունեությունը պահպանել ներկա մակարդակի վրա՝ առանց զարգացման ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկելու։ Լավատեսները, որոնք մտադիր են ավելացնել իրենց թողարկած ապրանքների ծավալներն ավելի քան 30 տոկոսով, չափազանց քիչ են՝ ընդամենը 12 տոկոս։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում շարունակում է բնութագրական լինել գիտատեխնիկական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա արված ծախսերի արդյունավետությունը։ Մասնագիտական գնահատականներով՝ գիտատեխնիկական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների անարդյունավետության պատճառով ռուսական տնտեսության կորուստները գնահատվում են ոչ պակաս, քան 58 միլիարդ դոլար։ ՌԴ ԿԲ մասնագետներն այս առնչությամբ կարծում են, որ ռուսական տնտեսությունը կկրի որոշակի փոփոխություններ եւ մի որոշակի փուլում կսկսի այսպես կոչված «հետադարձ արդյունաբերականացման» գործընթացը։ Դա նշանակում է, որ տեխնիկայի եւ տեխնոլոգիաների արտադրությունը կավելանա, սակայն տեխնոլոգիական առաջընթացը կլինի ցածր մակարդակի վրա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը