«Այս շաբաթ շվեյցարական Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումին տիրապետողը անդրատլանտյան առեւտրային լարվածության հարցերն էին։ Մի կողմից՝ եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ ավելի մեծ ծավալի ֆինանսական օգնություն են հատկացնելու եվրոպական ընկերություններին, մյուս կողմից՝ գործարար համայնքը, հիացած ամերիկյան «կանաչ» սուբսիդիաներով, հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է համապատասխանի այն ամենին, ինչն իրականացնում է ամերիկյան վարչակազմը ֆինանսա-տտնեսական ոլորտում։ Այս ամենի հետեւանքով եվրոպական ինստիտուտները հայտնվում են բավականին լուրջ ճնշման տակ»,- գրում է CNBC-ի վերլուծաբան Սիլվիա Ամարոն՝ վերլուծելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ անցնող շաբաթվա օրակարգային քննարկումները։
Անդրադառնալով ստեղծված իրականությանը՝ Ամարոն նշում է, որ ամեն բան սկսվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լայնածավալ օրենսդրական նախաձեռնությունից, որի նպատակը Միացյալ Նահանգներում սղաճի նվազեցումն էր։ Այն, ինչպես հայտնի է, հավանություն ստացավ դեռ անցյալ տարվա օգոստոսին եւ նախատեսում է 300 միլիարդ դոլարի չափով հավելյալ ծախսեր կլիմայական եւ էներգետիկ քաղաքականության ուղղություններով։ Նախագահ Բայդենի այս նախաձեռնությունը Եվրոպայում այնքան էլ դրականորեն չընդունվեց, քանի որ նախատեսում էր հարկային արտոնություններ այն սպառողների համար, ովքեր, օրինակ, ձեռք են բերում Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլներ։ Ի վերջո ամերիկյան վարչակազմին մեղադրեցին վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությամբ միջազգային առեւտրի կանոնները խախտելու համար։ Անցյալ տարվա դեկտեմբերին, սկսված բանավեճի տոնայնությունը մեղմելու համար, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց ուղեցույց, որով եվրոպական ընկերությունները, առանց սեփական բիզնես-մոդելը փոխելու, հնարավորություն էին ստանում օգտվելու ամերիկյան որոշակի վարկային հնարավորություններից։ Սակայն այս ամենի գործնական կիրառությանն առնչվող հարցերն դեռ ամբողջապես հստակեցված չեն, եւ ամերիկացի ու եվրոպացի պատկան մարմինները ներկայացնող պաշտոնյաների քննարկումները շարունակվում են։
ԱՄՆ նախագահի վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը բավականին հետաքրքիր քննարկումների առիթ դարձավ նաեւ Եվրամիության ներսում, եւ ձեւավորվեց կոնսենսուս, որ Եվրամիությունը պետք է հանդես գա տարածաշրջանի մրցունակությանն աջակցող սեփական ծրագրով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս կոնսենսուսը կարծես թե պաշտոնականացրեց, երբ երեքշաբթի Դավոսի ֆորումին ելույթում հայտարարեց որ Եվրամիությունն ունի արդյունաբերության ոլորտում «Կանաչ կուրսը» որդեգրելու մտադրություն։ Եվրահանձնաժողովի նախագահը մանրամասնեց, որ նախատեսվող «Կանաչ կուրսի» նպատակը «Եվրոպան մաքուր տեխնոլոգիաների եւ արդյունաբերական նորարարությունների հանգրվան» դարձնելն է»:
Սակայն որքան էլ այս նպատակը լինի բաղձալի, անորոշ է մնում այն, թե այս ծրագրի գործարկման, իրականացման համար ինչ ֆինանսներ են օգտագործվելու, ավելի պարզ ասած՝ եվրոպացիների համար դեռեւս անպատասխան է մնացել այն հարցը, թե «որտեղից է վերցվելու փողը» այդ ծրագիրը կենսագործելու համար։ Խնդիրն այն է, որ, օրինակ, եվրոպական երկու խոշորագույն տնտեսություններ Ֆրանսիան եւ Գերմանիան ունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցները նման ծրագիր կյանքի կոչելու, իսկ ահա մյուսները չունեն, ու ինքնաբերաբար առաջանում է մտավախություն, որ ԵՄ-ի ներսում ֆինանսական հնարավորությունների անհամաչափությունը կարող է բերել միասնական համաեվրոպական տարածքի կամ շուկայի հատվածայնացման, այն դեպքում, երբ այդ տարածքի ներսում առկա է ապրանքների եւ մարդկանց ազատ տեղաշարժ։ Սա իր հերթին որոշակիորեն խթան է դառնում, որ բարձրացված հարցերին տրվի «միասնական եվրոպական պատասխան»։ Ու թերեւս այս հարցերի պատասխանները որոնելու համար էլ փետրվարի սկզբին Բրյուսելում կհանդիպեն եվրոպացի առաջնորդները, որպեսզի նաեւ ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց տնտեսություններում ոլորտային աջակցությունը։ Չի բացառվում, որ Եվրոպան սկսի դրամահավաք՝ նախատեսվող ծրագրի կյանքի կոչման ֆինանսական բազան ապահովելու համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը