ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել Նիդերլանդների Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարում: Հինգերորդ տուրում մեր հայրենակիցը մրցել է գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ: Բավական երկար մրցապայքարից հետո սպիտակներով հանդես եկող Լեւոն Արոնյանը, օգտագործելով զինվորի առավելությունը, 79-րդ քայլին մրցակցին ստիպել է կանգնեցնել ժամացույցը:
Այդ հաղթանակից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ներկա պահին բաժանում է 3-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է այս տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթած ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը: Առաջատարից կես միավոր քիչ ունի նիդերլանդցի Անիշ Գիրին:
Ընթացիկ տուրն անցկացվել է Ամստերդամի «Այաքս» հայտնի ֆուտբոլային ակումբի մարզադաշտի սրահում, եւ մասնակիցները մեկնարկից առաջ լուսանկարվել են մարզադաշտում: Հունվարի 20-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի 2,5 միավորով 6-9-րդ տեղերը բաժանող չինացի Դին Լիժենի հետ: