Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, որ խնդրել է դաշնակիցներին ամրապնդել Մոլդովայի հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Հասկանում ենք, որ Ուկրաինան առաջնային է եւ պետք է ստանա հակաօդային պաշտպանական համակարգեր, սակայն մենք էլ հույս ունենք, որ որոշ ՀՕՊ համակարգեր կստանանք»,- ասել է նախագահ Սանդուն։ Նա մանրամասնել է, որ 2023 թվականին Մոլդովային անհրաժեշտ կլինի ոչ պակաս, քան 600 միլիոն եվրո որպես բյուջետային աջակցություն, ինչպես նախորդ տարի՝ բնակչությանը սղաճի բացասական հետեւանքներից պաշտպանելու համար։
Նշենք, որ Մոլդովայում հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալու մասին սկսել են խոսել, երբ ուկրաինական տարածքի՝ ռուսական զանգվածային հրթիռակոծման հետեւանքով հրթիռներ էին ընկել մոլդովական տարածքում։