Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Բարսելոնայում երկկողմ համագործակցության ամրապնդման համաձայնագիր են ստորագրել։
Ըստ Chinhua լրատվական գործակալության՝ համաձայնագիրը նախատեսում է երկկողմ գործակցության ամրապնդում էներգետիկայի, երիտասարդության հնարավորությունների, պաշտպանության եւ միգրացիայի ոլորտներում։ Գերմանիայի հետ 1963 թվականին, Իտալիայի հետ 2021 թվականին կնքած նման համաձայնագրերից հետո ֆրանս-իսպանական այս համաձայնագիրը Ֆրանսիայի համար երրորդ նման փաստաթուղթն է։ Իսպանիան նման միայն մեկ համաձայանագիր ուներ կնքած՝ Պորտուգալիայի հետ։
Նշենք, որ Ֆրանսիան եւ Իսպանիան այս փաստաթղթի ստորագրմանը կարողացան հասնել Midcat գազամուղի շինարարության նախագծից հրաժարվելուց հետո, ինչը Փարիզի «սրտով չէր»։ Դրա փոխարեն նրանք կկառուցեն ջրածնի տեղափոխման համար նախատեսված, Բարսելոնայից-Մարսել ձգվող նոր «կանաչ» խողովակաշար, որը կկոչվի H2Med։ Իսպանիայի համար այս նախագիծը կարեւոր է նաեւ ընդգծելու համար, որ Կատալոնիայում բոլոր տեսակի «հուզումներն» ու «խմորումները» հանդարտվել են։