Ըստ Euractiv-ի` ֆիննական մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատ մի շարք պատգամավորներ մտադիր են, որ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը լինի իրենց առաջատար թեկնածուն 2024 թվականին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչպես նաեւ դառնա Եվրախորհրդարանի ապագա նախագահը։
Մարինը համարվում է «քաղաքականապես չկեղտոտված» թեկնածու՝ Կատարի կողմից որոշումների կայացման վրա ազդելու կոռուպցիոն մեղադրանքներին առնչվող աղմկոտ բացահայտումներից հետո։ Բացի այդ՝ նա համարվում է ազատական արժեքներ կրող եւ ունի խիստ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ։ Այս երկու հանգամանքների համադրումը նրան բավական լավ «բոնուսներ» է ապահովում համաեվրոպական քաղաքական վերնախավում առաջատար դիրքեր գրավելու համար, եւ հնարավոր է, որ Եվրախորհրդարանի այլ պատգամավորական խմբեր (ներառյալ նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի անդամ երկրներից) աջակցեն նրան։
Ֆիննական Maaseudun Tulevaisuus պարբերականի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Մարինը ԵՄ քաղաքական շրջանակում համարվում է բացառիկ «քաղաքական սուպեր աստղ», ով սկանդալներում «թաթախված» չէ, իր երկրի սահմաններից դուրս էլ ունի բավականին լայն ճանաչում՝ հատկապես Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններով։
Սաննա Մարինը դեռ որեւէ կերպ այս խոսակցություններին չի արձագանքել, չնայած որ զբաղված է նախընտրական քարոզարշավով, որն այժմ ընթանում է Ֆինլանդիայում եւ բավականին սուր կերպով։ Սակայն արդյոք նա կտեղափոխվի Բրյուսել, ամենայն հավանականությամբ, պարզ կլինի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից հետո։